Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Գլխավոր քարտուղարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում։ Պարոն Սինիրլիօղլուի գործունեությունը վկայում է հակառակի մասին. տասնամյակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարության քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը հենց ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթերում։

2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխավոր քարտուղարին ուղղված նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թե 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա։ Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների առկայության մասին տեղեկությունները, թեև Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նամակում նաև առանց որևէ ապացույցի մեղադրվում էին հայկական սփյուռքի կազմակերպությունները՝ «բարեգործության քողի ներքո» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մեջ։ Երեք տարի անց ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից։

Սա միակ դեպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի դեմ։ Այնուհետև նրա նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մեջ, ինչը պատրվակ դարձավ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վավերացումը։

2026 թ. հուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն, զրույցի ընթացքում, համոզված լինելով, որ խոսում է ՀՀ վարչապետի հետ, ասել է, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Մարդու իրավունքների և կրոնական ազատության չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել են այդ խոսքերը՝ որակելով դրանք նրա պաշտոնի հետ անհամատեղելի, և կոչ են արել նրան հետ վերցնել դրանք։

Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա լայնորեն հայտնի է որպես նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրված՝ անձամբ նրա կողմից ։ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածն արգելում է գլխավոր քարտուղարին որևէ կառավարությունից ցուցումներ խնդրել կամ ստանալ։ Մինչդեռ գրեթե յուրաքանչյուր ճգնաժամում, որով պետք է զբաղվի հաջորդ գլխավոր քարտուղարը, նրա սեփական կառավարությունը հանդիսանում է հակամարտության կողմ է կամ գլխավոր դերակատար՝ Կիպրոս, Հարավային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Միևնույն ժամանակ, նաև գլխավոր քարտուղարն է, որ պետք է առաջնորդի այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Ցեղասպանության կոնվենցիայի հարցում գլխավոր քարտուղարը խոսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։

Ուստի մենք կոչ ենք անում՝

  1. Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկություններում, և ոչ էլ խորհրդում պաշտոնական առաջադրության ընթացքում։
  2. ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին պնդել, որ հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման և 100-րդ հոդվածով պահանջվող անկախության նկատմամբ անվերապահ նվիրվածության ապացուցված անցյալ։
  3. Պարոն Սինիրլիօղլուին հրապարակավ հայտարարել, թե արդյոք նա շարունակում է պաշտպանել իր 2020 թ. նամակում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, և արդյոք հետ է վերցրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելուն աջակցելու իր առաջարկը։

Մենք համերաշխ ենք այն կառավարությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք մտահոգություն են հայտնել այս թեկնածության կապակցությամբ։ Աշխարհասփյուռ հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարություններին և ընտրված ներկայացուցիչներին։

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երևան, 6 նոյեմբերի, 2026 թ.