Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին լսումներ է անցկացրել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը: Alpha News-ը զրուցել է լսումներին մասնակցած ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
«Բելգիան եվրոպական այն երկրներից է, որ միշտ հայ ժողովրդին աջակցում է: Եվ նոր կառավարությունն իր ծրագրում Հայաստանի հետ ստրատեգիական լավ հարաբերություններ ունենալուց բացի, ընդգծել է նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը: Մեր գրասենյակն էլ միշտ ամեն բան արել է հայրենիքին օգնելու և նրա անունը բարձր պահելու համար: Բայց կան հարցեր, որոնց հետ ես համաձայն չեմ: Խոսքը Հայաստանի վարչապետի հայտարարությունների և որոշումների մասին է: Եվ հիմնական հարցը, որի մասին ես խոսել եմ Խորհրդարանական վեհաժողովում, Ալմա-Աթայի հռչակագրի հարցն է, որին հղելով՝ վարչապետն ասաց, թե Արցախը Ադրբեջանի մաս է:
Իմ ելույթով ես կարողացա նրանց բացատրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը որպես անկախ դատարան, պարտավոր է չեղյալ համարել յուրաքանչյուր համաձայնագիր, որը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշել է Կարապետյանը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի դեսպանը իր անպարկեշտ վարքագծով ներկաներին ապացուցել է, որ Ադրբեջանն ապօրինի գործողություններ է իրականացնում։
«Խորհրդարանական վեհաժողովին ներկա էր նաև Ադրբեջանի դեսպանը, բայց նա բոլորի հետ խոսում էր հեգնանքով, դասեր էր տալիս, ասում՝ ինչ բառապաշարով խոսեն: Նման պահվածքով նա չկարողացավ ներկաներին համոզել, որ Ադրբեջանը ճիշտ է իր քայլերում և հայտարարություններում: Նույնիսկ ներկաները դեսպանին ասացին, որ նա իր ելույթով ոչինչ չապացուցեց, ընդհակառակը՝ ավելի ամրապնդեց այն կարծիքը, որ Ադրբեջանը ապօրինի գործողություններ է իրականացնում: Դեսպանը հրապարակային զրպարտանքներ հնչեցրեց նաև իմ հասցեին: Եվ ես նրան սպառնացի, որ դատի կտամ, քանի որ չափերն է անցնում»,- եզրափակել է Կարապետյանը: