«Սփյուռքի համար անընդունելի են Փաշինյանի՝ ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները, ինքը չի կարող հասնել այն նպատակին, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանցից տարանջատի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ – Պարոն Կարապետյան, ի՞նչ վտանգ եք տեսնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններում ու վարած քաղաքականության մեջ։ – Անշուշտ, մեզ համար զարմանալի եւ անընդունելի են նման հայտարարություններն ու կեցվածքները։ Վարկածը, որը վարչապետն է առաջ քաշում, թե ինչո՞ւ 1939-ին այդ հարցը չկար, 1950 թվականին կար, շփոթ է ստեղծելու եւ մեղքը ԽՍՀՄ վրա բարդելու միտում է, բոլորովին անտեղի է։ 1915 թվականից անմիջապես հետո եղել են փորձեր, միջամտություններ, բայց ցեղասպանություն բառը չկար, եւ ինքը պետք է իմանա, որ այդ պատճառով ցեղասպանություն բառը չի գործածվել։ Ցեղասպանություն տերմինը ստեղծվել է 1944 թվականին լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից։ 1938 թվականին ինքն առաջին անգամ խոսեց ու ասաց, որ ուսումնասիրել է հայոց մեծ ջարդը կամ մեծ եղեռնը։ Եվ դրա հիման վրա նա ցեղասպանություն բառը դրեց գործածության մեջ, որը 1948 թվականին ընդունեց նաեւ ՄԱԿ-ը։ Եվ այստեղ էր, որ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Խորհրդային միությունը կապ չուներ դրա հետ։ 1965 թվականին՝ ԽՍՀՄ շրջանում, 1 մլն-ից ավելի մարդ դուրս եկան փողոցներ ու պահանջեցին, որ ցեղասպանության ճանաչում տեղի ունենա։ Իսկ 1965 թվականին սփյուռքյան բոլոր ավանդական կուսակցություններն ու կառույցները միասին ամբողջ աշխարհում հսկայական ցույցեր արեցին եւ ցեղասպանության ճանաչման պահանջներ ներկայացրեցին։ Այսօր 30-ից ավելի երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եվրոպական խորհրդարանը երկու անգամ՝ 1987 թվականին եւ 2015-ին բանաձեւեր ընդունեց։ Ընդ որում, 2015-ին բավական կարծր բանաձեւ ընդունեց՝ պահանջով, որ Թուրքիան ընդունի իր անցյալը եւ համապատասխան քայլերի դիմի։ Այս տարի բանաձեւի սկզբում պետք է հղում լինի իրենց 2015 թվականի որոշմանը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը, մյուս կառույցները չեն մերժել կամ դրժել ցեղասպանությունը։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հիմա փորձում խրամատներ ստեղծել Սփյուռքի եւ հայրենիքի մեջ։ Հայաստանում ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է։ Փաստորեն ժխտում է, եւ դրա պատասխանատվությունը պետք է կրի։ Ես չգիտեմ՝ որքանով Հայաստանի դատախազությունը կամ դատական մարմինները կզբաղվեն վարչապետի հայտարարություններով։ Սփյուռքի համար անընդունելի են իր հայտարարությունները, ինքը չի կարող հասնել այն նպատակին, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանցից տարանջատի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/02/10/1469237/
© 1998 – 2025 Առավոտ – Լուրեր Հայաստանից