Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։
Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, արցախցիների՝ արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացումը։
COP 29-ին ընդառաջ՝ խստորեն քննադատվել է Ալիևի ռեժիմի հանցագործ քաղաքականությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ պատերազմական ոճրագործություններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցությունը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամավորների կողմից ուշադրության է հրավիրվել Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահվածքը, ով Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիվ քննադատող բանաձևի քվեարկության նախօրեին սպառնացել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։
Կարևոր էր նաև Բաքվի կողմից միջազգային կառույցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու և օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսևորումների մասին պատգամավորների զգուշացումներն ու հայտարարությունները։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերյալ առարկայական իրազեկվածության նման բարձր մակարդակը պայմանավորված է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տևական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի շարք փաստահավաք այցելություններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորների իրազեկվածության բարձրացմանը։
Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մեկ անգամ ևս ցույց տվեց՝ Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տևական և անզիջում աշխատանքի արդյունքում է նաև, որ ԵՄ գործադիր իշխանության շրջանում մեր տեսակետները սկսում են ընկալելի դառնալ։ Մասնավորապես, կարևոր է քննարկմանը ներկա՝ ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարությունը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայության ապահովման և վերադարձի իրավունքի իրացման վերաբերյալ։ Ի գիտություն ենք ընդունում նաև գործադիր իշխանության այն տեսակետը, որ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ գործարքները չպետք է եվրոպական կառույցներին հետ պահեն Ադրբեջանի հասցեին խիստ քննադատությունից։ Հատկապես այս հայտարարությունից հետո մենք ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում ենք հստակ քայլերի»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
23 / 10 / 2024թ․