Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։ Լսումներին մասնակցելու էին հրավիրված երեք փորձագետ-ականատեսներ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դան Բիըրը, Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով նախկին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։
Անդրադառնալով վերջերս Հելսինկիի հանձնաժողովի պատվիրակության Հայաստան կատարած այցին՝ հանձնաժողվի նախագահ Քարդինը նշել է՝ բացի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելը, Ադրբեջանը ձգտում է նաև «ուժով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունից մի հատված՝ շարունակական ոտնձգության տակ պահելով Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Քարդինը խաղաղության գործընթացի ներկա պայմաններն անհավասար է համարել՝ նկատելով, որ դրա արդյունքում չեն լուծվում սահմանային խնդիրները»։
Ըստ հրավիրված փորձագետների՝ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։ Նրանք անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ներկայության ամրապնդմանը հայկական տարածքներում և Հայաստանի խոցելիությանը Ադրբեջանի կողմից ռազմական հետագա էսկալացիայի պայմաններում։ Նրանք նաև նկատել են՝ Ադրբեջանը փորձում է ձգձգել և տապալել բանակցությունները՝ Հայաստանին պարտադրելով նոր պահանջներ, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն։
Անդրադառնալով Կապիտոլիումի բարձունքում անցկացված քննարկմանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․«Կոնգրեսը կարող է գործել այնտեղ, որտեղ վարչակազմն այնքան ակնհայտ ձախողել է՝ ընդունելով օրենսդրություն՝ իրականացված ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Հայաստանին տրամադրվող մարդասիրական աջակցությունը կտրուկ մեծացնելու, առհասարակ արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղությանն ի նպաստ հանդես գալու շրջանակներում, ինչպես նաև ապահովելու ապօրինի ձերբակալված հայ ռազմագերիներիի ազատ արձակումն ու Արցախի հայության վերադարձի իրավունքի իրացումը։ Խաղաղությունը հնարավոր չէ հաշվետվության բացակայության պարագայում, քանի դեռ Ադրբեջանը, իր գործողությունների համար անպատժելիություն է վայելում, այն շարունակելու է հավատալ, որ ավելին կարելի է ձեռք բերել պատերազմով, քան բանակցութիւնների միջոցով»:
Քննարկման տեսաձայնագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
12 / 09 / 2024թ․