ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ավարտել է աշխատանքային այցը Բելգիա և Նիդերլանդներ

Uncategorized

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 21-25-ը աշխատանքային այցով գտնվել է Բելգիայի Թագավորությունում, ապա մինչև հուլիսի 27՝ Նիդերլանդների Թագավորությունում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ՝ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների, Բելգիայի դաշնային խորհրդարանի, դրա երկու պալատների, ինչպես նաև Եվրոպական սոցիալիստների կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են անցկացվել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հանա Ժալուլ Մուրոյի, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի և նույն քաղաքական խմբի Բյուրոյի անդամ Էրո Հայնալուոմայի, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի:

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունում Իշխան Սաղաթելյանը, Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Արևելյան գործընկերության տարածաշրջանի հարցերով  զբաղբող բաժնի պետի տեղակալ Ջուլիեն Բոուրտեմբուրգի և աշխատանքայի խմբի ղեկավար Յոնաս Փոլի հետ։

Բելգիայի օրենսդիր մարմնում հանդիպումներ են եղել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։

Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կենտրոնակայանում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են հիշյալ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլետի հետ։

Հուլիսի 26-ին Ալմելոյում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի, իսկ նախօրեին՝ Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերը վերաբերել են միջազգային գործուն երաշխիքների պայմաններում արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին, Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու դրա կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին, Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին և այլն։

Հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հ Յ Դաշնակցության հետ այդ կառույցների հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության մեծացմանը վերաբերող հարցեր։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

29 / 07 / 2024թ