Արցախի ժողովրդի հայրենադարձության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով Արցախի խորհրդարանի մանդատով ստեղծված հանձնախմբի կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման աշխատանքն ավարտին է մոտենում։ Առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի, եւ հանձնախումբը կսկսի գործել։ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ, հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանի հետ։
- Արցախի ադրբեջանական օկուպացիայի պայմաններում ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի առնվազն արցախահայության հավաքական վերադարձի խնդիրը հնարավոր լինի լուծել։
- Դուք գիտեք, որ հանձնախումբը կազմվել է Արցախի ԱԺ որոշմամբ՝ արցախահայության իրավունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով։ Հանձնախմբի համակարգողը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, անդամները Եվրոպայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի ու Հայաստանի ներկայացուցիչներն են։ Մեր հանձնախմբի աշխատանքը, հասկանալի է, այստեղ՝ Եվրոպայում, պետք է համակարգվի թե՛ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, թե՛ «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակի հետ, որին մասնակցում են 15 երկրների համայնքների նախագահները։ Նպատակը հայտնի է, եւ մենք մի քանի հարթություններում պետք է աշխատենք։ Նախ, հասարակական կազմակերպությունների եւ ուղեղային կենտրոնների հետ՝ ազդելու նրանց կարծիքի վրա եւ այդկերպ ազդելու յուրաքանչյուր երկրի կամ ԵՄ օրենսդիր ու գործադիր մարմինների վրա։ Հասկանալի է, որ կապեր պետք է լինեն նաեւ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի նրանց կողմից եւս հարկ եղած օժանդակությունը ստացվի։ Կարեւոր է ՄԱԿ-ի եւ այն կառույցների հետ տարվող աշխատանքը, որոնք կարող են օգտակար լինել Արցախի ժողովրդին՝ իրենց պապենական հողեր վերադարձի հարցում։ Վերադարձի իրավունքը պետք է տեղի ունենա միջազգային պաշտպանության հարթակով, եւ արցախահայերն իրենք պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել իրենց հողի վրա։
Երկրորդն իրավական ուղղությունն է։ Արդեն կան դատական որոշումներ, ինչպես Հաագայի դատարանի որոշումը։ Այս ուղղությամբ արդեն գործակցություն ենք սկսել միջազգային իրավաբանական կազմակերպությունների հետ, որոնք կարող են հանձնախմբի աշխատանքին օգտակար լինել առաջարկներով։ Երրորդ մակարդակը պետական մակարդակում համագործակցությունն է՝ օտար երկրների գործադիր եւ օրենսդիր մարմինների հետ։ Այստեղ կարելի է օգտագործել սփյուռքի հաստատված կապերը, մեր սփյուռքյան կառույցները շատ երկրների հետ բավականին լայն հարաբերություններ ունեն, որոնց միջոցով կարելի է տեղ հասցնել հանձնախմբի տեսակետները եւ ստանալ հարկ եղած աջակցությունը։ Հիմնական աշխատանքային ուղղությունը, հասկանալիորեն, Եվրոպան է, բայց հանձնախումբը, իբրեւ թիրախ, պետք է նաեւ Ռուսաստանն ունենա, որովհետեւ Ռուսաստանը տարածաշրջանում հիմնական դերակատար է, որքան էլ այսօր կան որոշ հարցեր։
Չորրորդ հարթակն ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններն են, ինչպիսին է, օրինակ, Լուիս Մորենո Օկամպոն՝ Հաագայի միջազգային դատարանի առաջին դատախազը, ով լայն ուսումնասիրություն է իրականացրել եւ փաստում է՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը ցեղասպանություն է, եւ, ուրեմն, դրա հետեւանքների համար միջազգային ատյաններում Ադրբեջանի հանդեպ պահանջատեր պետք է լինեն։ Մենք՝ իբրեւ Եվրոպայի հանձնախումբ, հրավիրեցինք Օկամպոյին Բրյուսել, նա Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցավ, խորհրդաժողովին մասնակցեց նաեւ Լեմկինի ինստիտուտի համանախագահ եւ համահիմնադիր Իրենե Մասիմինոն։ Խորհրդաժողովը մեծ ազդեցություն ունեցավ, ԵԽ մեծ թվով երեսփոխաններ մասնակցեցին, եւ ավելի ուշ դրա արդյունքը տեսանք՝ ԵԽ վերջին բանաձեւի տեսքով, որտեղ հստակ նշվում է միջազգային պաշտպանության ներքո Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Հինգերորդը, որը չափազանց կարեւոր է, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության հարցն է։ Որքան էլ այսօր ՀՀ իշխանությունը մոռացել է Արցախի հարցը եւ զանազան պատճառաբանություններով համարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, մեզ համար կարեւոր է, որ Հայաստանն է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ինքը՝ վարչապետը, գնաց Արցախ եւ արեց այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Դրանից հետո սկսվեցին այս բոլոր խնդիրները։
Մյուս օղակը, անշուշտ, սփյուռքյան կառույցներն են, որոնց մեծ մասն աջակցում է Արցախի հարցին։ Սփյուռքյան կառույցների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է համագործակցել մեր հանձնախմբի հետ։ Եվ վերջին հարթակը, որտեղ պետք է աշխատենք, լրատվամիջոցներն են, հարցի միջազգայնացումն է։ Դուք գիտեք, որ այսօր ամբողջ ուշադրությունը Գազայի վրա է, որոշ չափով՝ Ուկրաինայի, Արցախի հարցն այլեւս մոռացված է։ Ադրբեջանի ցեղասպանական ակտից հետո որոշ ժամանակ միջազգային մամուլը խոսեց այս մասին, բայց հիմա այն մոռացված է, եւ այդ ուղղությամբ եւս հանձնախումբն անելիք ունի։ Ամփոփելով ասեմ, որ բոլոր ծրագրերն ավարտին են մոտենում, որպեսզի կարողանանք դրանց հիման վրա աշխատանքները սկսել։ Թե՛ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, թե՛ մյուս անդամները, այդ թվում` ես, տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց ծրագրված, կանոնավոր աշխատանքը մոտ է մեկնարկին, ինչի մասին հանձնախմբի հայտարարությամբ տեղյակ կպահվի։ Նաեւ սերտ հարաբերությունների մեջ ենք Արցախի ԱԺ մեր գործընկերների հետ, որոնց որոշմամբ այս հանձնախումբը ստեղծվել է։ - Խնդրում եմ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախի վտարանդի կառավարությանը։
- Վարչապետի հայտարարությունը, թե Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները սպառնալիք են ստեղծում ՀՀ-ի համար, հերթական սուտն է, որպեսզի հայ ժողովուրդն իր ուշադրությունը շեղի եւ չտեսնի, թե ինչ է կատարվում երկրում։ Վարչապետն ու նրա շրջապատն ամեն շաբաթ փոխում են իրենց հայտարարությունները եւ փորձում դա, որպես նոր իրականություն, ծախել ժողովրդին։ Ամոթ է ՀՀ կառավարության համար
իբրեւ Հայաստանի սպառնալիք նկատել արցախցիներին՝ այն մարդկանց, որոնք այդ վիճակում են հայտնվել հենց իրենց դիրքորոշման համար՝ Պրահայում Փաշինյանի հայտարարության պատճառով, երբ նա խոսեց Ադրբեջանի 86 հազար 600 ք/կմ-ն ճանաչելու մասին։ Վերջին շրջանում վարչապետն իր ձեռքը մետաղե մի քարտեզ է վերցնում ու Տավուշի 4 գյուղերի հարցն է բարձրացնում, թե, ահա, սա է Հայաստանը։ Թող նա ասի՝ քանի՞ ք/կմ-ի մասին է խոսում, որովհետեւ ասում էր՝ 29 հազար 800 է, հիմա ինչո՞ւ չի խոսում այդ մասին, որովհետեւ լավ գիտի
ՀՀ սահմանների 200-300 ք/կմ-ն արդեն Ադրբեջանի գերիշխանության տակ է, դա է պատճառը, որ երբեք չլսեցինք ու չենք լսելու, որ Ադրբեջանը հայտարարի, թե ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն: Հետեւաբար, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը, ի՞նչ իրավունքով է պատմություններ պատմում, իբրեւ թե Ադրբեջանը հարձակում է գործելու, եթե այդ գյուղերը չտանք։ Ես վերլուծություն եմ լսել, որ այդ շրջաններում բոլոր բարձունքները մերն են, ազերիները 3 կողմից շրջապատված են, եթե մենք տանք այդ դիրքերը նրանց, առանց մի փամփուշտի մնայուն վտանգի տակ են պահելու Տավուշը։ Վաղը վարչապետը կասի՝ եթե չտանք Նոյեմբերյանը, եթե չտանք Բաղանիսը, եթե չտանք մյուս գյուղերը, Ադրբեջանը պատերազմ կհայտարարի, հետո կասի․ եթե չտանք հարավը՝ Սյունիքը, եթե չտանք Ջերմուկը, կրկին պատերազմ կլինի։ Ո՞ւր է այն սահմանը, որտեղ խաղաղություն կբերի։ Այդ խաղաղությունն իր քաղաքականությամբ չի գալու, միայն ինքն է, որ պատերազմի մասին է խոսում, իր հայտարարություններով ինքն է ստեղծում պատերազմի սպառնալիք, փոխանակ զորացնի բանակը։ Ես շատ անգամ եմ հայտարարել՝ հակառակ մեր տարաձայնություններին, Հայաստանի Հանրապետությունը մեզ համար սրբություն է, թող բանակը զորացնի, մենք իրենց զորավիգ կլինենք։ ՀՀ դեսպանությունները լավ գիտեն, թե մենք՝ ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ ԱՄՆ-ում, որքան ջանք ենք գործադրում Հայաստանի համար, ուստի ես կասեմ՝ պարոն վարչապետը պետք է շատ զգույշ խոսի Արցախի ժողովրդի մասին։ - Այն պայմաններում, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Արցախի խնդիրը որքանո՞վ է ընկալելի միջազգային հանրության համար, չէ՞ որ նրանք 30 տարուց ավելի Հայաստանի Հանրապետություն պետությունից մի բան են լսել, հիմա տրամագծորեն հակառակն են լսում։
- Շատ մարդիկ, այդ թվում՝ Եվրոպայում, զարմացած են, թե ինչու նա Պրահայում արեց այդ հայտարարությունը։ Անհիմն փաստարկների հիման վրա ճանաչեց Ադրբեջանի 86․600-ը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, բայց պարոն վարչապետը չասաց, որ օրվա Ազգային ժողովն Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել է Արցախի մասին վերապահումով։ Հիմա թող լաց չլինեն, թե ռուսն է հանցավոր, եվրոպացին է հանցավոր, չեկան, չօգնեցին, Ամերիկան չսանձեց Ադրբեջանին․․․ Ինչո՞ւ պետք է ուրիշներն անեն մեզ համար։ Այո, ռուսներն ունեն խաղաղապահ զորքեր, բայց ինքը ստորագրեց նոյեմբերի 9-ը եւ ինքն է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց հենց ինքը ստեղծեց այս վիճակը։ Ես Ձեզ ասեմ, որ մեր եվրոպացի ու ռուս գործընկերների հետ զրույցներում մեզ շատ անգամ ասում են, որ մենք շոկի մեջ ենք, մենք փորձում ենք Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանել, բայց ձեր կառավարությունը բոլորովին այլ բան է ասում, ինչպե՞ս աշխատենք։ Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարն Արցախի ժողովրդի էթնիկ զտման մասին խոսելիս ասաց՝ պարոն Միրզոյան, ինչի՞ մասին եք խոսում, ձեր վարչապետն է ասում, որ նման վտանգ չկա։ Այս աստիճանի ենք հասել այսօր, եւ ես կոչ ունեմ ՀՀ կառավարությանը՝ սթափվել։ ՀՀ-ի դերակատարումը շատ կարեւոր է Արցախի ժողովրդի վերադարձի խնդիրը լուծելու համար։ Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր հայրենակիցներին համոզենք՝ իրենց ճնշմամբ ստիպել իշխանություններին՝ դիմել ճիշտ որոշումների, որովհետեւ առանց Արցախի իրավունքների պաշտպանության, վաղը նույնը պետք է պատահի ՀՀ ժողովրդի հետ։
- Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ արցախցիների վերադարձի հնարավորության համար ի՞նչ երաշխիքներ կարող են լինել։ Միջազգային հանրությունն այս պայմաններում ռեսուրս ունի՞ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, ստիպելու՝ համապատասխան պայմաններ ապահովել։
- Ներկա իրավիճակը նկատի ունենալով՝ այս պահին երաշխիքներ դժվար է ունենալ եւ դժվար է ասել, թե ով պետք է ապահովի դրանք։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը եւ «Եվրոպացիները հանուն Արցախի»-ն որոշ քայլեր արել են, տարբեր նամակներ ուղղել ենք պատասխանատուներին, բայց հիմա պետք է սկսենք այդ ուղղությամբ ծրագրված աշխատանքը՝ ե՛ւ այս հանձնախումբը, ե՛ւ սփյուռքի կառույցները՝ հուսալով, որ կունենանք հայ ժողովրդի օժանդակությունը։ Պետք է առաջ քաշենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ միջազգային պաշտպանության ներքո եւ ազատ ինքնորոշման իրավունքը պաշտպանելով։ Դա անսակարկելի իրավունք է, եւ այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Մենք քննարկում ենք նաեւ այդ հարցերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Անշուշտ, լուրջ ռեսուրսներ կան, բայց հիմա դրանք չեմ բացահայտի, քանի որ մեր ծրագրերի մաս են։
Մարիաննա Ղահրամանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ecfd9c6370973ae79f90153e1d702caa
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»