Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշման համար։ Իբրև համաեվրոպական բնույթի համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և իր տեղական հանձնախմբերն ակտիվորեն աշխատել են և աշխատելու են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ամուր, սերտ և դինամիկ կապերի հաստատման համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել՝ հանուն ամուր և կենսունակ հայկական պետականության։
Նկատենք` ի թիվս այլ դրույթների, Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝
– առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է և համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։
– նախազգուշացնում է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության համար և ընդգծում` Նախիջևանի էքսկլավայի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։
– Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տներն արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և ապրելու իրավունքը։
– Ընդգծում է` ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց և կազմակերպությանների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,
– Ընդունում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
15.03.2024