ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը կարծում է, որ բանաձևերը պատժիչ ուժ չունեն, պարտավորեցնող չեն, բայց ունեն իրենց բարոյական ազդեցությունը և որքան դրանք կրկնվեն, այնքան կմոտենա որոշումից չխուսափելու պահը:
«Կան որոշ արտահայտություններ, որոնք Ադրբեջանի համար ցավոտ են։ Բացի Ադրբեջանին դատապարտելը և արցախահայերի վերադարձն ապահովելու պահանջ ներկայացնելը, խոսվում է նաև Ալիևի և իր շրջապատի դեմ, հարկ եղած դեպքում նաև էներգետիկ հատվածի մասով պատժամիջոցներ կիրառելու մասին:
Մեզ համար դրական են այս երկու զեկուցումներում եղած 4-5 նախադասությունը, որոնցում խոսվում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության մասին: Նաև կարևոր է այն կոչը, որն ուղղված է Գործադիրին՝ ուժերի կարողության չափ օժանդակել Հայաստանին, որպեսզի զորանա և կարողություն ունենա ինքն իրեն պաշտպանելու:
Սփյուռքի կառույցների՝ հիմնավորապես ՀՅԴ-ի աշխատանքը խնդիրները, Գործադիր մարմնի թերացումները կամ սխալ որոշումները, որոշ դեպքերում նաև իրենց զամանալի կեցվածքի մասին բարձրաձայնելն ու իրենց ուշադրությանն արժանացնելն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Գասպար Կարապետյանը:
Այն հարցին, թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնումը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահը նշել է, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ դրանից չտուժի երկրի տնտեսությունը, մարդկանց եկամուտների հոսքը, չվնասվեն Հայաստանի ենթակառուցվածքները։
«Մեզ համար ողջունելի է Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնումը, բայց սա չպիտի վնասի այլ երկրների հետ հարաբերություններին: Թե ներկա, թե նախորդ իշխանություններն էլ վարել են կոմպլիմենտար քաղաքականություն:
Վերջին շրջանում ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելը, կարծում եմ, որ մեր ազգային շահերի համար ճիշտ չէ, պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարել, թե ՌԴ-ի, թե ԵՄ-ի հետ ունենալ լավ հարաբերություններ՝ առանց մյուսին վնասելու»,- նշել է նա։