Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը մշտապէս խրախուսում է տարածաշրջանային եւ համահայկական բնոյթի գործակցութիւնները

«ԱԼԻՔ»-ը զրուցել է Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յատուկ ծրագրերի համակարգող Գէորգ Ղուկասեանի հետ:

– Պարոն Ղուկասեան օրեր առաջ Թեհրանում գումարւեց «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը ընթացքում տարբեր թեմաների մասին տեսակէտներ հնչեցին, խորհրդաժողովը յատուկ անդրադարձ կատարեց Հայկական հարցին, Արցախում Ցեղասպանութեան խնդրին, Հայկական Սփիւռքի անելիքներին եւ այլ թեմաների: Այս հարցազրոյցի ընթացքում կը փորձեմ խորհրդաժողովին արծարծւած հարցերն ուղղել նաեւ Ձեզ, բայց նախ անդրադառնանք Հայ Դատի Կենտրոնական խորհրդի աշխատանքների վերջին նորութիւններին:

– Արցախում կատարւող գործողութիւնները իրենց բնոյթով Ցեղասպանական գործողութիւններ էին եւ այդ ուղղութեամբ միջազգային հնչեղութիւն ապահովելու աշխատանքները սկսել են դեռեւս 2023 թւականի օգոստոսից, երբ որ Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազը հրապարակեց իր յայտնի զեկոյցը դրանից յետոյ որոշակի քննարկումներ տեղի ունեցաւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Այսինքն այս ամբողջ քննարկումների էութիւնը յանգում էր այն եզրակացութեան, որ համաձայն 1948 թւականի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնւենցիայի Արցախում Ադրբեջանի իրականացնող քայլերն իր բնոյթով Ցեղասպանական գործողութիւն են: Արդէն 2023 թւականի սեպտեմբերեան չարաբաստիկ իրադարձութիւններից յետոյ, երբ որ նաեւ այդ ամբողջ յանցագործութիւնների մասին էր բարձրաձայնւում:

Անհրաժեշտ է շեշտել, որ Հայ Դատի համակարգում գործում է հայկական իրաւական կենտրոն անունը կրող կազմակերպութիւն: Տարիներ շարունակ այն տեղակայւած է ԱՄՆ-ում եւ Հայ Դատի աշխատանքներին առնչւող իրաւաբանական խնդիրների շուրջ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները խորհրդակցում են հայ իրաւական կենտրոնի հետ: Նաեւ հայ իրաւական կենտրոնը իր կողմից ինքնուրոյն աշխատանքներ է ձեռնարկում, որոնց մեծ մասը նաեւ վերաբերում են հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին: Բայց գալով քննարկւող նիւթին 2022-2023 թւականների ընթացքին հայ իրաւական կենտրոնը գործուն մասնակցութիւն է ունեցել ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի UPR գործընթացին, որտեղ ՄԱԿ-ի անդամ պետութիւնները չորս տարի մէկ անգամ անցնում են մարդու իրաւունքների իրավիճակի գնահատման ընթացակարգերով նախատեսւած գործողութիւնները, որպէսզի այլ կազմակերպութիւններ եւս կարողանան մասնակցութիւն ունենալ այդ գործընթացին եւ հայ իրաւական կենտրոնը մոբիլիզացրեց Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների ռեսուրսը, այդ թւում՝ Հայ Դատի կենտրոնական գրասենեակները մասնակցեցին այդ աշխատանքներին եւ Ադրբեջանի UPR տեքստում մեր կողմից մատնանշւած խնդիրների մի մասը, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումներին կարելի է հաշւի առնել:

Սա խնդրի զուտ իրաւական կողմն է եւ այս առումով աշխատանքները եւս շարունակելու են կատարւածը որպէս Ցեղասպանութիւն ներկայացնելու համար, որովհետեւ Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնւենցիայի երկրորդ յօդւածով նախատեսւած կարգով, կատարւածը ամբողջովին համապատասխանում է Ցեղասպանութեան յանցագործութեան բնորոշումին:

Գալով արդէն քաղաքական աշխատանքներին, 2020 թւականից մինչ այժմ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ստիպւած են լինում պարբերաբար վերանայել իրենց առջեւ դրւած մարտավարական խնդիրները եւ այդ մարտավարական խնդիրները եւ քաղաքական առաջնահերթութիւնները համապատասխանեցնել ստեղծւած աղէտալի իրավիճակին: Մենք խնդիր ունենք նաեւ Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառման ապահովմանը: Եթէ մենք խօսում ենք ԱՄՆ-ի պարագային այն Եւրոմիութեան նախատեսւած թիրախային պատժամիջոցների կատարումն է: Այսինքն պատժամիջոցների կիրառման հարցը քաղաքական օրակարգ բերելը եւ անդամ 27 պետութեան հաստատումը:

Գոնէ մեզ յաջողւել է պատժամիջոցների հարցը բերել քաղաքական դիսկուրսի մակարդակ նոյն իրավիճակն է ամերիկեան կոնգրեսում, որտեղ այսօր ներկայացւել է մի քանի բանաձեւեր, որոնք ամերիկեան վարչակազմին պահանջում են գլոբալ պատժամիջոցներ կիրառել:

Այն, որ Ադրբեջանը Արցախում իրականացրել է Ցեղասպանութիւն դա միանշանակ է: Բայց խնդիրը Հայ Դատի յանձնախմբերի առջեւ այդ Ցեղասպանութեան համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը օրակարգ բերելն է:

– Պարոն Ղուկասեան Եւրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները բնականաբար տարբեր են Մերձաւոր Արեւելքում գտնւող կառոյցների աշխատանքից: Արդեօք կառոյցները եւ Հայ Դատի յանձնախմբերը աշխատո՞ւմ են որպէս ոչ պետական կազմակերպութիւններ՝ աւելի անկախ, թէ՞ ուղղորդւած աշխատանք են իրականացնում:

– Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը օգնում է Հայ Դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին եւ ընդհանրապէս բոլոր աշխատանքներով, որոնցով Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը կարող է օժանդակութիւն ցուցաբերել՝ տեղեկատւութիւն, վերլուծութիւն եւ այլն, բայց Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի Կենտրոնական խորհուրդը Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները չեն ուղղորդում, Հայ Դատի իւրաքանչիւր յանձնախումբ աշխատում է տւեալ երկրի օրէնսդրաիրաւական ամբողջ համակարգին համահունչ, որպէս այդ երկրներում գրանցւած եւ աշխատող քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններ: Հայկական Սփիւռքի էթնիկ լաբբիստական կառոյցները, կախւած երկրի քաղաքական մշակոյթին եւ օրէնսդրաիրաւական հնարաւորութիւններից, նրանց աշխատանքը պէտք է ներկայացնել այս տրամաբանութեան ներքոյ եւ կախւած երկրի քաղաքական մշակոյթին եւ օրէնսդրաիրաւական հնարաւորութիւններից, որոնք տրւում են քաղաքացիական հասարակութեանը էթնիկ լոբբիստական կառոյցներին Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ունեն գործունէութեան տարբեր մեթոդներ գործիքակազմեր, քաղաքական առաջնահերթութիւններ: Բնականաբար մենք չենք կարող համեմատել ամերիկեան քաղաքական միջավայրը կանադական եւ մերձաւորարեւելեան քաղաքական միջավայրի հետ, որովհետեւ նոյն դէպքում էթնիկ լաբբինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մասն է, որոնք ամրագրւած եւ պաշտպանւած են օրէնսդրութեամբ, միւս դէպքում էթնիկ լաբբինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մասն է: Ըստ այդմ Մերձաւոր Արեւելքի երկրներում Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները առաւելապէս կատարում են իրազեկման աշխատանքներ տարբեր շրջանակներին Հայկական հարցի մասին իրազեկելու համար: Այսինքն աշխատանքի բնոյթը յաճախ կախւած է լինում այն երկրների քաղաքական մշակոյթին որտեղ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները գործում են:

– Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին ուղղութիւն որդեգրո՞ւմ էք, թէ այնուամենայնիւ, փորձում էք քաղաքական հարցով ունենալ ձեռնպահ դիրքորոշում:

– Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների քաղաքական առաջնահերթութիւնները եւ քաղաքական դիրքորոշումները պայմանաւորւած չեն Հայաստանի իշխանութիւնների քաղաքական դիրքորոշումների հետ: Հայ Դատի յանձնախումբը այս տարի նշում է իր հիմնադրման 80-ամեակը եւ 80 տարիների ընթացքում Հայ Դատի ցանցը ունեցել է ճշտւած քաղաքական ուղեգիծ եւ գործունէութեան առաջնահերթութիւններ: Այլ հարց է, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնների այս աղէտալի գործունէութեան արդիւնքում ստեղծւել է մի իրավիճակ, որ Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները իրենք ստիպւած են իրենց դիրքորոշումները մարտավարական վերանայման ենթարկել, եւ համապատասխանեցնել ներկայ իրավիճակին: Այսինքն Հայաստանի իշխանութիւնը ունի իր դիրքորոշումը Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները ունեն իրենց քննարկումների արդիւնքում ճշտւած դիրքորոշումները եւ այդ ուղղութեամբ շարունակում են աշխատանքները:

Մէկ այլ հարց է, որ ՀՀ-ի իշխանութիւնների դիրքորոշումները էականօրէն խանգարում են Հայ Դատի աշխատանքներին: Օրինակ 2022 թւականին երբ Ֆրանսիայի սենատը ընդունում է բանաձեւ, որով Ֆրանսիայի գործադիր իշխանութեանը յորդորում է ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը Ֆրանսիայի գործադիր իշխանութիւնը յայտարարեց, որ դուք գործադիր իշխանութիւնից պահանջում էք մի բան, որ Հայաստանի գործընկերները մեզանից չեն պահանջում: Այսինքն որոշակի դիխոտոմիա (երկճիւղաւորում) կայ ՀՀ-ի իշխանութիւնների դիրքորոշումների եւ Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւնների միջեւ: Բայց դա չի նշանակում, որ Հայ Դատի ցանցը պէտք է հրաժարւի քաղաքական առաջնահերթութիւններից:

– Արդեօք Կենտրոնական գրասենեակները փորձո՞ւմ են միմեանց հետ յարաբերութիւններ ունենալ եւ տարբեր գրասենեակների հետ համատեղ նախաձեռնութիւններով հանդէս գալ:

– Տարածաշրջանային եւ համահայկական բնոյթի համագործակցութիւնները մշտապէս կատարւել են: Օրինակ հոկտեմբերին տեղի ունեցաւ Վաշինգտոնում Հայ Դատի Կանադայի, Ամերիկայի, Աւստրիայի եւ Հարաւային Ամերիկայի եւ Կենտրոնական գրասենեակի խորհրդաժողով, որտեղ քննարկւեցին Հայ Դատի քաղաքական առաջնահերթութիւններին վերաբերող հարցեր:

– Սփիւռքի գոյութիւնը եւ լինելիութիւնը շաղախւած է Հայ Դատի յանձնախմբերի գոյութեան նպատակների հետ: Այսինքն Սփիւռքի համար կարմիր գիծ է Հայոց Ցեղասպանութիւնը, հայ-թուրքական յարաբերութիւնները: Ներկայ քաղաքական համաշխարհային իրավիճակը նաեւ նկատի առնելով, պարզ է, որ կուսակցութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը պակսել է, մինչդեռ յատկապէս ՀՅԴ-ն մեծ աշխատանք է իրականացնում Հայոց Ցեղասպանութեան ուղղութեամբ: Հայ Դատի յանձնախմբերը ինչպէս են փորձում Հայկական հարցը աշխարհում դարձնել հիմնական օրակարգ:

– Հայ Դատի յանձնախմբերը Սփիւռքում ունեն համախմբելու, էթնիկ լաբբիստական կառոյցների գործառոյթը, էթնօ-պաշտպան գործառոյթ: Մեր շատ յանձնախմբեր ունեն համայնքային տարբեր ծրագրեր, օրինակ Հայ Դատի շատ յանձնախմբեր համայնքային բազմաթիւ ծրագրեր են իրականացնում:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը ունէր Վահան Յովհաննիսեան վարժողական ծրագիրը, որում Մերձաւոր Արեւելքում փորձ է կատարւում եւս նման ծրագրեր իրականացնել: Համայնքն է, որ մեր Հայ Դատի յանձնախմբերին պատւիրում է աշխատանք կատարել եւ իրենց ձայնը, իրենց կողմից ընտրւած պաշտօնեաների մօտ լսելի դարձնել: Հետեւաբար Հայ Դատի յանձնախմբերը աշխատում են համայնքին համահունչ:

– Թւայնացման, արհեստական բանականութեան գերիշխման ժամանակաշրջանում ինչպէս է արդիականացւում Հայ Դատի յանձնախմբերի գործունէութիւնը, համապատասխան եւ համաչափ արձագանգելու ժամանակի մարտահրաւէրներին:

– Յատուկ ռազմավարութիւն չկայ, որ մենք արհեստական բանականութեամբ փորձում ենք էթնիկ լաբբինգը զարգացնել: Բայց արհեստական բանականութիւնից մի փոքր աւելի յետ, բայց յետ արդիւնաբերութեան յեղափոխութեամբ պայմանաւորւած տեխնոլոգիաներ օգտագործում ենք: Օրինակ՝ տարբեր մէյլինգ համակարգերով մարդկանց հետ կապի մէջ մնալով, սոցիալական մեդիայում կայքերում եւ այլն:

Ներկայ ժամանակաշրջանի ընձեռած հնարաւորութիւնները մեզ թոյլ են տալիս կապը յանձնախմբերի միջեւ ամուր պահել: Այդ առումով աշխատանքային յարաբերութիւնները շահում են: Բայց Հայ Դատի լայն համակարգում մշտապէս խրախուսւում է միջանձնային շփումները եւ պարբերաբար հանդիպումներ է անցկացւում:

– Շնորհակալութիւն, պարոն Ղուկասեան:

– Ես նոյնպէս շնորհակալ եմ:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ