Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:
Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու են.
1. Հստակորեն դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։
2. Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի և Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։
3. Օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
4. Նպաստել շոշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայությանը հնարավորություն տալով օգտվելու հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից, Արցախին տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։
5. Արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։
6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են հետևյալ հղումներով՝ europeansforartsakh.eu, https://www.facebook.com/people/Europeans-For-Artsakh/61550123050905/
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել Գասպար Կարապետյանի հետ
Հեռախոսահամար՝ +32 470 20 88 29
Էլ.փոստ՝ karampetian@eafjd.eu