Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի ԱԳՆ-ի հետ հաճախ է քննարկում արցախյան հարցը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Հայ դատի պատասխանատու Սևակ Բելյանը։
«Կանադայի Հայ դատի հանձնախումբը հաճախ հանդիպումներ է ունենում Կանադայի ԱԳՆ-ի հետ։ Եվ վերջերս նախարարը հերթական հանդիպումն էր կազմակերպել, որին ներկա էր նաև հանձնախումբը։ Հանդիպումների ընթացքում շատ հարցեր են քննարկվում, բայց հիմնականում քննարկումները արցախյան հարցի, արցախահայերի և Հայաստանի ներկա իրավիճակի մասին են։ Անցած երկու ամիսներին մենք հանդիպել ենք նախարարին և ընդգծել, որ չենք ցանկանա՝ Կանադան տեղի տա Ադրբեջանի պնդումներին, թե արցախյան հարցը լուծված և փակված է, քանի որ այդպես չէ»,- ասաց Բելյանը։
Նրա փոխանցմամբ՝ Կանադան ՀՀ իշխանությանը կոչ է անում պաշտպանել արցախահայերի իրավունքները, քանի որ նրանք ինքնորոշման իրավունք ունեն։
«Մեր հետևողականության շնորհիվ այսօր Կանադան միակ պետություններից է, որ շարունակում է իր պաշտոնական հայտարարություններում նշել՝ արցախյան հակամարտությունը ավարտված չէ։ Կանադան հստակ պատգամ է ուղարկել՝ ասելու, որ բանակցված քաղաքական կարգավորում տեղի չի ունեցել։
Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ն կամ այլ ազդեցիկ երկրներ պնդում, թե դեմ են ռազմական ուժին, բայց դրանք միայն խոսքեր են, նրանց կողմից որևէ պատժամիջոցներ չեն կիրառվում։ Այս առումով, ճիշտ է, Կանադան ևս սահմանափակումներ չի կիրառել, բայց հստակ հայտարարությամբ է հանդես եկել՝ պատգամ ուղելով թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Կանադան կոչ է անում, որ ՀՀ իշխանությունները բարձրաձայնեն և պաշտպանեն արցախցիների իրավունքները։ Այս ժողովուրդը ունի ինքնքորոշման իրավունք, ինչը, ցավոք, խլել են իրենցից»,- եզրափակեց Բելյանը։