Ամերիկյան վաթսուն կոնգրեսականներ Հայաստանին անվտանգային աջակցության և արցախցի տեղահանվածներին հումանիտար օժանդակության ավելացման կոչ են արել

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների վաթսուն ներկայացուցիչներ, սենատոր Ալեքս Պադիլլայի և ՆՓ անդամ Աննա Էշույի նախաձեռնությամբ, դիմել են և՛ Սենատի, և՛ ներկայացուցիչների պալատի ղեկավարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսավորման ակտով 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անվտանգային աջակցություն տրամադրել Հայաստանին, իսկ ցեղասպանություն վերապրած արցախահայությանը՝ հավելյալ մարդասիրական օժանդակություն։ Սույն առաջարկն արվել է եկող շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող ԱՄՆ ազգային անվտանգության հավելյալ ֆինանսավորման օրենսդրական նախագծի քննարկմանն ընդառաջ։ Սույն նախաձեռնությունը մեծապես առաջ է մղվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, որոնց ընթացքում հանձնախումբը իրականացրել էր համայնքային լայն մոբիլիզացիա։

 Կոնգրեսականի գրության մեջ անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանական հերթական սադրանքներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիայի վտանգին. «Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Չարագուշակորեն, Ալիևը վերջերս հարավային Հայաստանը անվանեց «արևմտյան Ադրբեջան» և կոչ արեց «ազատագրել» ութ հայկական գյուղերը Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Կովկասի համար այս շրջադարձային փուլում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ ղեկավարությունը զսպի Ադրբեջանի հետագա ագրեսիան և հայերին հնարավորություն ընձեռնի պաշտպանելու իրենց ժողովրդավարությունը»:

 Նամակն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/120123_Padilla_Eshoo_Supplemental.pdf

Մեկնաբանելով երկկուսակցական գրությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է. «Մենք շնորհակալ ենք ներկայացուցիչ Էշույին և սենատոր Պադիլային՝ նախագահ Բայդենին ուղղված այս կոչի համար, ինչը ներդրում է Հայաստանի անվտանգության գործում և իմաստալից աջակցություն Արցախի տեղահանվածներին։ Նախագահ Բայդենի՝ հայկական հարցերի վերաբերյալ սխալ կողմում դիրաքավորման պայմաններում, երբ զինում էր Ադրբեջանին և լքում Արցախը, Կոնգրեսը ակտիվանում է՝ առաջնորդելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյատևմանն ուղղված սպառնալիքներին ամերիկյան պատասխանը»:

Գրության նախաձեռնողներից սենատոր Ալեքս Պադիլան հայտարարել է. «Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ստեղծել է սարսափելի մարդասիրական ճգնաժամ՝ ստիպելով ավելի քան 100.000 էթնիկ հայերի լքել իրենց տները։ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրությունը լուծելու համար:  Ես Կոնգրեսի ղեկավարությանը վճռականորեն կոչ եմ անում՝ արտաքին օգնության փաթեթում ներառել Հայաստանին անվտանգային և հումանիտար աջակցությունը»:

Իր հերթին Ան Էշուն նկատել է. «Ես հպարտ եմ, որ համագործակցում եմ սենատոր Պադիլլայի հետ՝ առաջնորդելու Հայաստանին օգնություն տրամադրելուն ուղղված այս երկկուսակցական ջանքերը:  Հայաստանին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ օժանդակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ իր ժողովրդավարությունը պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է ամենօրյա ջանքերը իր ներկա քաղաքական առաջնահերթությունների շրջանակում՝ մասնավորապես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելը, Հայաստանին տրամադրվող ամերիկյան անվտանգային և մարդասիրական օժանդակության ավելացումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

05.12.2023թ.