Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի հրավերով, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ու «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համագործակցության արդյունքում նոյեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանում կանցկացվի «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով։
Խորհրդաժողովին հրավիրված են միջազգային ճանաչում վայելող նշանավոր բանախոսներ։ Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Վիկտորիա Մասիմինոն և միջազգային իրավունքի հայազգի մասնագետ Գառնիկ Քերքոնյանը։ Նախատեսվում է, որ նրանք կանդրադառնան Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներին:
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները, 2020թ․ պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային իրավունքի, առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև անդրադառնալ միջազգային հանրության, հատկապես հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված ուժերի քաղաքական վարքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ քաղաքական դերին։
Խորհրդաժողովի անցկացումից ժամեր առաջ, Բրուսելի մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս՝ խորհրդաժողովի բանախոսների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի մասնակցությամբ: Մամուլի ասուլիսին հրավիրված են եվրոպական երկրներում գործող լրատվական միջոցների թղթակիցներ ու անհատ լրագրողներ, ինչպես նաև եվրոպական ուղեղային կենտրոնների (think-thank) ներկայացուցիչներ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
06.11.2023 թ.