Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբրի կազմակերպմամբ` հոկտեմբերի 7-ին Բոստոնում կայացել է երեկույթ և դրամահավաք՝ ի պաշտպանություն Արցախի և բռնի տեղահանված արցախցիների։ Հայ դատի տեղի հանձնախմբի համար նման ձեռնարկների կազմակերկումը յուրաքանչյուր տարվա աշնանը ընդունված երևույթ է, որի ժամանակ նաև պարգևատրվում են անցնող տարվա ընթացքում Հայ դատի պաշտպանության գործում կարևոր դերակատարություն ունեցած անձինք։ Հասկանալի պատճառներով, այս տարվա ձեռնարկը զուրկ էր տոնական մթնոլորտից։
Հոկտեմբերի 7-ի միջոցառման ժամանակ եզրափակիչ խոսք է ասել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը` խիստ կշտաբանքի ենթարկելով Արցախի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը։ Ելույթի՝ ամերիկյան քաղաքականությանը վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։
«Ես կուզենայի ստույգ լինել այստեղ՝ Ամերիկայի քաղաքականությունը Արցախի հարցում եղել և կա և՛ ստոր, և՛ կոռումպացված: Թույլ տվեք բացատրել, թե ինչու:
Դեռևս 2018 և 2019 թվականներին նախագահ Թրամփի այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սկսեց Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերագնահատումը` հատուկ կենտրոնանալով Արցախի վրա:
Որպես այս վերանայման մի մաս, փոխգնդապետ Էնթոնի Վինդմանը, ով աշխատում էր Բոլթոնի օրոք Ազգային անվտանգության խորհրդում, հրավիրեց հայ բարձրաստիճան դիվանագետին Սպիտակ տուն՝ հայտնելու, որ Հայաստանը պետք է պատրաստի իր բնակչությանը խաղաղության: Պարզ անգլերենով` բնակչությանը խաղաղության նախապատրաստելը և մասնավորապես Արցախի ժողովրդին խաղաղության նախապատրաստելը Արցախն Ադրբեջանին ինտեգրելու ծածկագիր էր: Փաստորեն՝ մահվան օրդեր Արցախի բնիկ հայերի համար։
Թրամփի վարչակազմը հաստատեց իր մահապատժի դատավճիռը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն ուղարկելով Ադրբեջան և դադարեցնելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախին, նույնիսկ երբ Ալիևը բացահայտ հայտարարեց Արցախը ոչնչացնելու իր ծրագրերի մասին: Այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, ցավոք, բայց ոչ զարմանալի, հատկապես ոգևորված էր այս ջանքերում:
Այն, ինչ սկսվեց որպես նոր քաղաքականություն Արցախի նկատմամբ, իրականում՝ Արցախի դեմ, Թրամփի վարչակազմի օրոք շարունակվեց և բարդացավ Բայդենի վարչակազմի օրոք, նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի 44-օրյա պատերազմից հետո։
Բաքվի ագրեսիայից հետո նախագահ Բայդենը երկու անգամ հրաժարվեց 907-րդ հոդվածից՝ շարունակելով ամերիկյան ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Նրա պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ ավելի խորացրեցին կապերը Ալիևի ռեժիմի հետ՝ քաջ գիտակցելով նրա ցեղասպանական մտադրությունները՝ որպես ցինիկ աշխարհաքաղաքական խաղերի և նավթային կոռումպացված քաղաքականության մաս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որ չօգնեց ադրբեջանական շրջափակումից սովամահ լինող Արցախի բնակչությանը, ինչպես և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, ով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ասել է՝ «Միացյալ Նահանգները չի դիմի որևէ գործողություն կամ ջանքի՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, էթնիկական զտումների կամ այլ վայրագություններ իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ», լռում էր, երբ Ադրբեջանը մի քանի օր անց շարժվեց հարձակվելու և էթնիկապես մաքրելու Արցախը:
Եվ, վերջապես, Արցախի հարցում Ամերիկայի ստոր և կոռումպացված քաղաքականությունը լիովին կարող էր իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության ներկա ղեկավարության մեղսակցության դեպքում, որը, ի հեճուկս բոլոր պատճառների, անխոհեմ կերպով ճանաչեց Ադրբեջանի իրավական ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ։
Երբ, ի վերջո, Ադրբեջանը հայաթափեց Արցախը, նախագահ Բայդենը «ծաղիկներ ուղարկեց թաղմանը»՝ դաժան նամակ ուղարկելով Հայաստանի իշխանություններին, որը չարժեր անգամ այն թուղթը, որի վրա տպվել էր:
Այնպես որ, հասկանալի լինելու համար, նախագահ Բայդենը չի ձախողել Արցախի հարցում: Ճիշտ հակառակը։ Նա ստացավ հենց այն, ինչ ուզում էր, այն, ինչ սկսեց Թրամփը, և նա ավարտեց: Հայերի ցեղասպանություն իրենց հինավուրց, բնիկ հայրենիքում։
Որպես հպարտ ամերիկահայ, որպես հոր զավակ, ով հպարտորեն ծառայել է այս ազգին Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմներում, դա ինձ ցավ է պատճառում: Գիտեմ, դա ցավ է ձեզանից յուրաքանչյուրի համար: Մենք պետք է աշխատենք շրջելու այս քաղաքականությունը։ Վաշինգտոնի Ջոն Բոլթոններն ու Էնթոնի Բլինկենները չեն ներկայացնում ո՛չ ԱՄՆ շահերը, ո՛չ ամերիկյան արժեքները, և պետք է կանգնեցվեն, նախքան նրանք կօգնեն և կաջակցեն Ադրբեջանի և Թուրքիայի երկարամյա արշավին՝ ուղղված հայոց հայրենիքի ոչնչացմանը»:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
13.10.2023 թ.