Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նամակը Շառլ Միշելին․ ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին

Թարգմանաբար ներկայացնում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բաց նամակը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ սովն ու առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելն ինը ամիս որպես էթնիկ զտումների գործիք օգտագործելուց հետո, Ադրբեջանն այժմ սկսել է ահաբեկել և ռմբակոծել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների: Այսօր առավոտից Ադրբեջանը ծանր հրետանիով գնդակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ալիևի ռեժիմը բռնապետական, ֆաշիստական ռեժիմ է, որն օգտագործում է նույն ձեռագիրը, ինչ մյուս բռնապետերը: Ուստի անհրաժեշտ է դադարեցնել դա՝ օգտագործելով վճռական և արդյունավետ միջոցներ։ Հակառակ դեպքում, միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, որպես հիմնական բանակցող, պատասխանատվություն  է կրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և դրան ոչ համարժեք արձագանքի համար:

Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացնում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։

Միջազգային իրավունքի սկզբունքները չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելուն: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ, էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրավունքների և կյանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին և հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականությանը։

Որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա ԵՄ անդամ 14 երկրներում նրա հանձնախմբերը գնահատում են ձեր ջանքերը՝ որոնք, այս այս խիստ բարդ իրավիճակում ուղղված են միջնորդական ջանքերին: Այնուամենայնիվ, որպես ԵՄ քաղաքացիներ, մենք ակնկալում և պահանջում ենք վճռական միջոցներ՝ Ադրբեջանին զսպելու համար։ Մենք ուշադիր հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։

Հարգանքով՝
Գասպար Կարապետյան