Լոզանի դաշնագրի 100-ամյակի առթիվ քրդական հատուկ հանձնախմբի կողմից հուլիսի 22-23ը Լոզանում կամակերվել էր խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից շուրջ 300 քրդեր և քննարկել դաշնագրի բացասական հետևանքները։ Ելույթ ունեցողների գերազանցող մեծամասնությունը, զուգահեռներ անցկացնելով Սևրի և Լոզանի դաշնագրերի միջև, անդրադարձել են Սևրի դաշնագրով ձեռք բերված և Լոզանի դաշնագրով ստվերված առ այսօր չգործադրված կետետրին։
ՀՅԴ-ին ուղղված հատուկ հրավերին ընդառաջելով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունից խորհրդաժողովին մասնակցել է Նաիրի Մկրտչյանը։ Նա իր խոսքում (քրդերեն) նախ խոսել է հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության մասին, ապա ընդգծել ճակատագրակից լինելու և միևնույն թշնամու կողմից հալածած լինելու փաստը։ «Սևրի օրինական պայմանագիրը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ, ապօրինաբար դադարեց գործել Լոզանի պայմանագրով։ Լոզանի պայմանագիրը ստորագրած դաշնակից պետությունների երակներով հոսեց գարշահոտ նավթը, նրանց սրտերում ամենից ավելի վառ էր դեղին ոսկու և կանաչ դոլարի տենչը, որը մոռացության մատնեց արդարությունը։ Գործեց նյութական շահերի գռեհիկ պաշտպանությունը, ամերիկյան կաշառքը ևս հրաշալի արդյունքներ տվեց՝ ազատախոհ ձևացող երկրները պաշտպանեցին Թուրքիան և աշխատեցին նրա պատմությունը սրբել մեծ արատներից»։
Լոզանի դաշնագրի հետևանքով հայկական հարցի կրած վնասները թվարկելուց հետո, Նաիրի Մկրտչյանը նշել է․ «Այսօր էլ այնտեղ խոսում և գործում է նյութական շահերի գռեհիկ պաշտպանությունը, այսօր էլ ազատախոհ ձևացող երկրները պաշտպանում են Թուրքիան և շարունակում են պատմությունից սրբագրել նրանց բարբարոսությունները։ Այսօր էլ Թուրքիան իր եղբոր՝ Ադրբեջանի հետ, փորձում է ընկճել հայ ժողովրդին, կոտրել արցախցու կամքը՝ շրջափակման մեջ պահելով 120,0000 հայերի, որոնք մերժում են լքել իրենց պապենական հողը։ Այս բոլորը 20րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ողբերգական իրականությունն է հիշեցնում։ Ադրբեջանը բացահայտորեն ցեղասպանի վարքագիծ է դրսևորում՝ Արցախի բնիկ ժողովրդին դրդելով լքել իր հողը։ Դարձյալ անարդարության դեմ առ դեմ ենք կանգնած, դարձյալ լուռ է միջազգային հանրությունը, լուռ են մարդասիրության ջատագովները։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, Ադրբեջանն ու Թուրքիան, անտեսելով միջազգային իրավունքը, շարունակում են իրենց բնորոշ վարքագիծը՝ հանուն պանթուրքական ծրագրերի իրագործման։ Սակայն հայի հարատև պայքարն ու անկոտրում կամքն այլընտրանք չունեն։ Ինչքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հայկական Արցախից վերացնել հայկական հետքերն ու սեփական հայրենիքից դուրս մղել մեր քաղաքակրթությունը՝ միևնույնն է չեն կարողանա։ Արցախը հայկական է և պիտի մնա հայկական»։
Խորհրդաժողովին ելույթ է ունացել նաև սուրիանիների ներկայացուցիչը ՝անդրադառնալով Թուրքիայում այլ փոքրամասնությունների կրած զրկանքներին ու ջարդերին:
Հուլիսի 24ին խորհրդաժողովի մասնակիցները, իբրև բողոքի արտահայտություն գնացել են այնտեղ, որտեղ ստորագրվել է Լոզանի դաշնագիրը: Խորհրդաժողովին զուգահեռ, եվրոպական երկներից ժամանած քուրդ երիտասարդները, Լոզանի փողոցներում քրդական դրոշներով ցույցերով, փորձել է բարձրաձայնել Լոզանի դաշնագրի անարդարությունների մասին։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
26. 07․ 2023 թ․