(yerkir.am) Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները գնացել են եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը: Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվել է գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարել են ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամել է միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին: Ելույթով հանդես է եկել նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը: