Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը ոգեկոչվել է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում

Ինչպես նախորդ տասնամյակների ընթացքում, այնպես էլ այս տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվել է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Ստորեւ ներկայացված է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված ոգեկոչման հիմնական ձեռնարկները։

Ուրուգվայի Խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համատեղ աշխատանքի արդյունքում Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժո Փոուի, Ազգային Ժողովի նախագահ Բեատրիս Արխիմոնի, կառավարության բազմաթիվ անդամների և համայնքային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների։մասնակցությամբ երկրի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում։ Նշենք՝ խորհրդարանի նախագահ Սեբաստիան Անտուխարը, ով իր խոսքում նշել է նաեւ, որ Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար մակարդակով հանգեցրել է աղետալի իրավիճակի։ Միջոցառման ընթացքում նաև ելույթներ են ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, միջազգային հարաբերությունների և պատմության մագիստրոս, ցեղասպանության հարցերով փորձագետ Ռոտրիգո Մելկարը։ Միջոցառման փակման ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի նախագահ Սթեֆանի Դեմիրջյանը։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի հրավերով, ապրիլի 28-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանը։ Հատկանշական է, որ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի հրավերին արձագանքել և միջոցառմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր՝ պահպանողական, աշխատավորական, լիբերալ-դեմոկրատական, շոտլանդական, ուելսյան կուսակցությունների ներկայացուցիչները։ Լորդերի պալատի անդամները, Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Թիմ Լոթնի առաջնորդությամբ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանը։  

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ՝ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ, հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն և երթ: Ելույթներով հանդես են եկել՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանին:

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Աթենքի տեղական իշխանությունների կողմից ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել Աթենքում։ Ոգեկոչման միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են հույն պետական, զինվորական, դիվանագիտական պաշտոնյաներ, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Ելույթով հանդես է եկել Հունաստանի կրթության փոխնախարար Ակելոս Սիրիղոսը։ Պաշտոնական միջոցառումից հետո ներկաները քայլել են դեպի Հունաստանի Խորհրդարանի նստավայր՝ ծաղիկներ խոնհարելով «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի կազմակերպմամբ ապրիլի 23-ին Օտտավայում կազմակերպվել է «Մեր իրավունքը մեր ձեռքով» խորագիրը կրող համագաղութային քայլերթ, որին մասնակցել են Տորոնտոյից, Քեմբրիջից, Լավալից, Մոնրեալից, Համիլթոնից, Սենթ Քաթրինից մայրաքաղաք ժամանած հայերը։ Քայլերթը սկիզբ է առել Կանադայի խորհրդարանից և շարունակվել մինչև Թուրքիայի դեսպանատուն, որի հարակից տարածքում հնչել են ելույթներ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

28.04.2023թ.