2023թ․ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Բանաձևով քննադատվել է ադրբեջանական իշխանությունների հայության նկատմամբ խտրական հռետորաբանությունը, ինչպես նաև կարևորվել է առանց նախապայմանների և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա բանակցությունների վերսկսումը։
Եվրոպական Խորհրդարանը նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքն ու տեղում հումանիտար առաքելությունների իրականացումը, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միության ղեկավարությանը ակտիվորեն ներգրավված լինել բանակցություններում և ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս չհանդիսանան Բաքվի գործողությունների պատանդը։
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից հիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.01.2023թ.