Դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջեւ (Հունաստանի խորհրդարանի հարեւանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։
Մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաեւ կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին Հայ ավետարանական համայնքի հովիվ վերապատվելի Վիգեն Չոլաքյանն եւ Կոկինիայի հոգեւոր հովիվ Պարետ քհն. Խաչերյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազգային վարչության անդամները, Հունաստանի Կապույտ Խաչի, Հ.Մ.Ը.Մ.-ի եւ Համազգայինի շրջանային եւ տեղական վարչությունների անդամները։ Զգալի էր Հ.Յ.Դ. Պատանեկան եւ Երիտասարդական միությունների անդամների ներկայությունը, որոնք Արցախի ու Հայաստանի դրոշներով, պաստառներով իրենց ընդվզումն էին արտահայտում Արցախի բնիկ ժողովրդին մարդասիրական մեծ աղետի դատապարտելու, Արցախը շրջափակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը։
Հ.Յ.Դ. Երիտասադական միության ներկայացուցիչները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպես նաեւ ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։ Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։