Բողոքի ցույց Բրյուսելում

Բելգիայի հայերի կոմիտեի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում անցակցվել է բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով։

Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմինների գլխավոր գրասենյակների կողքին՝ Շումանի անվան հրապարակում, անցկացված բողոքի ցույցի մասնակիցները Եվրոպական Միությունից պահանջել են՝

  • Ստիպել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն բացել Բերձորի միջանցքը, երաշխավորել, որ այն նորից չի փակվի։
  • Ձեռնարկել շոշափելի քայլեր Արցախի բնիկ հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։
  • Ձեռնարկել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների սեփականությունների նկատմամբ։
  • Ճանաչել Արցախի Հանրապետությունը և այնտեղ հաստատել հումանիտար գրասենյակ։
  • Անհապաղ կերպով ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության  կարողությունները Հայաստանում։

Բողոքի ցույցին միացել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ Կարլ Վանլաուեն, Ալեսիա Կլաեսը և Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը։ Նրանք բոլորը դատապարտել են ադրբեջանական պետության կողմից Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը, որը դեկտեմբերի 12-ից հանգեցրել է բնակչության լիակատար մեկուսացման։ Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պայքարելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

20.12.2022 թ.