ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդմամբ՝ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Պետեր Վան Դալենը, Ֆրանսուա Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը դեկտեմբերի 14-ին հանդես են եկել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակով։
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները հանգամանորեն մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ագրեսիայի շարունակման դեպքում վերահաս աղետալի հետևանքները։ Պատգամավորները նկատել են, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները պարբերաբար փորձում են Արցախում հայ ժողովրդի համար բարդ և անհուսալի պայմաններ ստեղծել, այդ թվում ռազմական սադրանքներ, հոգեբանական ահաբեկում և ձմռան ցրտի պայմաններում գազի հոսքի դադարեցում։
Խորհրդարանականները Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին հորդորել են օգտագործել իրենց հնարավորությունները՝ Եվրոպական Միության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու և Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թույլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականության շարունակականություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
16.12.2022 թ.