Ուրուգվայի Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը։
Ուրուգվայի Հայ Դատի հանձնաժողովի աշխատանքների և անելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է Ուրուգվայի Հայ Դատի հանձնախմբի անդամ, Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Արփի Հօճաճանյանի հետ։
«Մենք ակտիվ գործունեություն միշտ ենք տանում, բայց սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, մեր բոլոր ուժերն ու աշխատանքները կենտրոնացրեցինք, որպեսզի հնարավորինս շատ դատապարտման հայտարարություններով հանդես գան այդ դեպքի վերաբերյալ։ Մենք սեպտեմբերի 13-ին Ուրուգվայի «Արցախ» ֆորումի կողմից հայտարարություն հրապարակեցինք, որտեղ դատապարտեցինք պատահածը, հաջորդ օրն արդեն Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն տարածեց, որտեղ Ուրուգվայի խորհրդարանին և կառավարությանը խնդրեցինք, որպեսզի հստակ կերպով դատապարտեն ադրբեջանական զորքերի այս ապօրինի հարձակումը։ Իսկ ինչ վերաբերվում է Սենատների պալատի հայտարարությանը՝ այո մենք դրա համար շաբաթներ շարունակ աշխատել ենք։ Մեկ առ մեկ սենատորների հետ զրուցելով, բացատրելով և խստորեն դատապարտելով եղածը և այս հայտարարության կարևորությունը, որովհետև մեկ շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց հայտարարություն, բայց մենք գոհ չմնացինք դրանից և մեր բոլոր ուժերը կենտրոնացրեցինք Սենատի վրա, որը հաջողվեց։
Խոսելով առաջիկա անելիքների մասին Ուրուգվայի Հայ Դատի հանձնախմբի անդամը նշեց․
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, բայց չդատապարտեց Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն ավելի կարևոր է։ Երբ Արցախի մասին էինք խոսում, լավ չէին հասկանում, իսկ այս դեպքում ոչ մի կասկած չկա, որ ապօրինի ներխուժում է։ Մենք մեր գործունեությունը պետք է շարունակենք, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարությամբ դատապարտի պատահածը։ Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի «Արմենիա» երիտասարդական կազմակերպության հետ։ Նաև հոկտեմբերի 4-ին սոցցանցերում քարզարշավ է սկսվել, որտեղ ծավալուն աշխատանք է կատարվել, որպեսզի ժողովուրդն էլ ընբռնի, թե ինչ է պատահել»։
Անդրադառնալով Ուրուգվայում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեությանը` Արփի Հօճաճանեանը նշեց, որ մինչև 2011 թվականը թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց համար խնդիրներ չէին առաջացնում․
«2011 թվակաին մենք սեմինար էինք կազմակերպել Խորհրդարանում Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամախմբի մասնակցությամբ, որտեղ ներկա էր նաև ընկեր Վահան Հովհաննիսյանը և այդ օրը Արտաքին գործերի նախարարը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ինքը համոզված է, որ Արցախը պետք է ինքնիշխան լինի, կամ Հայաստանի մաս կազմի, որից հետո ադրբեջանցիները սկսեցին մեծ գործունեություն ծավալել Ուրուգվայում։ Մի քանի տարի հետո արդեն գրասենյակ բացեցին այստեղ։ Իրենք հակազդելու համար հոդվածներ են հրապարակում, հայտարարություններ են անում, բայց մինչև այսօր մենք հաջողել ենք Ուրուգվայի կառավարության հետ մեր բերակամությունը։ Դժվարությունը միշտ Արցախի հարցով է եղել, դժվար էր բացատրել իրենց Արցախի կարևորությունը, և թե ինչ վտանգի առաջ է կանգնած Արցախը։ Այս ուղղությամբ ենք մենք տարիներով աշխատում»։
Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության մասին, նա նշեց, որ իրենք հակասում են դրան․
«Մենք հակասում ենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Այն վայրկյանին, որ Հայաստանն ասաց, որ Արցախի անվտանգության երաշխավորը չէ, դա մեզ համար մեծ բողոքի պատճառ եղավ։ Մենք ոչ մի կերպ չենք ընդունում, որ Արցախը մաս կազմի Ադրբեջանին և մեր ձեռքից եկածը պետք է ամեն կերպ անենք, որպեսզի այդ ամենի դեմն առնենք»։
Անդրադառնալով Ուրուգվայի Թուրքիայի դեսպանատան բացման և դրանից հետո իրենց համար ստեղծված խնդիրներին Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամը ասաց․
«Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատունը բացվեց ապրիլի 23-ին։ Երբ մենք իմացանք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուրուգվայ պետք է ժամանի հենց այդ օրը, համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին ԱԳ նախարարի հետ և ասացին, որ թուրքը այդ թվականին կոտորել է մեզ և սա էլ պատահական չէ, որ հենց այդ օրը գալիս են մեզ անհանգստացնելու համար։ Եվ երբ Թուրքիայի ԱԳ նախարարը «գորշ գայլերի» ժեստը արեց, մենք այդտեղ էինք և վարկյանական թվիթերով տարածեցինք դա և ամբողջ աշխարհով տարածվեց։ Դրանից հետո Ուրուգվայի նախագահը դատապարտեց դա հեռուստատեսությամբ և ԱԳ նախարարությունը թուրք դեսպանին կանչեց և այլն»։
Նա նշեց, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն անշուշտ ամեն վարկյան իրենց քարոզչությունն անում են խորհրդարանում և ԱԳ նախարարությունում։
Արփի Հօճաճանյանը նաև ավելացրեց, որ իրենք միշտ ուշադիր են, որ թուրք դեսպանը, երբ որևէ բան հայտարարի, իրենք հակադարձեն և Ուրուգվայի կառավարության առջև իրենց բողոքի խոսքը ներկայացնեն։
Լ.Ա.