ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը հստակ դատապարտող դիրքորոշում դրսևորել։
«Մենք ակնկալում ենք, որ դուք անեք ձեր ուժերի ներածին չափով հնարավոր ամեն բան դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան, որը Հայաստանի դեմ պետական մակարդակի այլատյացության և Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության հստակ ցուցադրություն է։ Մարդկային կյանքն անգնահատելի է՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք հավատացած ենք, որ Ալիևի նման բռնապետը չի կարող գնել լռությունը կամ արժանապատվությունը՝ ԵՄ-ին շատ փոքր ծավալով գազի պոտենցիալ մատակարարման դիմաց»,- այդ մասին ասվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ։
Գրասենյակից կոչ են արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կանգնել մարդկային կյանքի, արժանապատվության կողքին՝ ընդդեմ Ալիևի ավտորիտար ռեժիմի, որը ռիսկի է ենթարկում ապակայունացնելու ողջ տարածաշրջանը։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: ՊՆ հաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ:
ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։