ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր(օգոստոս, 2022 թ.)

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը չեզոքացնելու համար ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրականացրել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել և արղախահայության համար առաջացնել գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։ Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց ՀՅԴ Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս ՀՅԴ Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և Ադրբեջանի մասով վերանայել 2023թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփիերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Օգոստոսի երկրորդ կեսին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

Հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է․ «ամերիկյան վարչակազմն Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաև նկատել է․ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից տեղեկանալ թե հումանիտար ի՞նչ բնույթի միջոցառումներ է վարչակազմն իրականացրել Արցախի համար և ի՞նչ է պատրաստվում իրականացնել։

Րաֆֆի Համբարյանի նամակին հաջորդել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիան, ինչի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ  ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ալիևի ռեժիմին։ Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախին ամերիկյան օժանդակություն ապահովելու համար՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծել են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները գումարի այդ չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։

Հայ դատի Ամերիկայի  հանձնախումբը և Հունա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը տևական շրջան է, ինչ համախմբել են ջանքերը՝ կանխելու Էրդողանի մտերիմ և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մեհմետ Օզի ընտրությունն իբրև Ամերիկյան Սենատի՝ Փենսիլվանիան ներկայացնող անդամ։ Համայնքային կազմակերպությունների կողմից պատրաստված և Օզի իրական դեմքը մերկացնող հոլովակը սոցիալական ցանցերում կարճ ժամկետում ապահովել է ավելի քան մեկ ու կես միլիոն դիտում։

Օգոստոսի վերջին օրերին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին համերաշխություն է հայտնել «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը, քննադատել ադրբեջանական էթնիկ զտումները Բերձորում և կոչ արել ԱՄՆ վարչակարգին վերջ տալ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը

Կանադա

Արցախում արձանագրված ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ, օգոստոսի 11-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում, սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։ Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնդրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը։

Հայ դատի Կանադայի հանձնախմբի անդամները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Րաֆֆի Տոնապետյանի ներկայությամբ, օգոստոսի 17-ին ընդունել են Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավարի թեկնածու Պիեր Փոլիվերին և Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսաքուսին։ Հանդիպման ընթացքում Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը ներկայացրել է կանադահայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, Հայաստանին ու Արցախին առնչվող քաղաքական առաջնահերթություններ։ Իր հերթին, Պիեր Փոլիվերը ներկայացրել է իբրև թեկնածու իր քաղաքական ուղեգիծն ու առաջիկա ծրագրերը։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Օգոստոսի սկզբին Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատական հայտարարություններով են հանդես եկել ինչպես ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնպես էլ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը՝ վերջինիս ատենապես Մասիս Աբրահամյան մուտքը Հայաստան ապօրինի խոչընդոտելու կապակցությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատել է, որ համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։


Մեծ Բրիտանիա

Օգոստոս ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր քայլ էր մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից շրջանառության մեջ դրված բազմակուսակցական գրությունը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Լիզ Թրասին։ Գրությունը հանգամանորեն ներկայացնում է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, անդրադառնում ադրբեջանական հարձակումներին, վտանգավոր հռետորաբանությանը, գերիների հանդեպ վատ վերաբերմունքին, ադրբեջանական ամենաթողությանը, Լաչինի հումանիտար միջանցքին և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Օգոստոսի 5-ի դրությամբ գրությունը ստորագրել էին 13 խորհրդարանականներ, այդ թվում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Օգոստոսի վերջին ևս 5 խորհրդարանականներ էին միացել այդ գրությանը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Բելգիա

ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև  2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և  օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը օգոստոսի 22-ին ողջունել է ավստրալիական Վիլբի  քաղաքի քաղաքային խորհրդի միանձնյա որոշումը՝ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու վերաբերյալ։ Որոշման նախագիծը ներկայացվել է քաղաքային խորհրդի ավստրալահայ անդամ Սարգիս Մուրադյանի կողմից և երկրորդվել խորհրդի անդամ Բրենդոն Ժուի կողմից։ Վիլբի քաղաքն ունի հայկական մեծ և աշխույժ համայնք։ Քաղաքի խորհուրդը Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը պաշտոնապես ճանաչել էր 2020թ․ պատերազմի ընթացքում։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ավստրալիահայ գաղութի անունից, օգոստոսի 31-ին, բողոքի նամակ է ուղարկել Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությանը՝ Շուշիում կազմակեպված խորհրդաժողովին Բաքվում Ավստրալիայի դեսպանի մասնակցության համար։ Հայ դատի հանձնախումբը նամակում, ի թիվս այլնի, նշել է, որ խիստ անընդունելի է  ավստրալիացի դիվանագետի այցը էթնիկ զտման ենթարկված Շուշի քաղաք, հատկապես այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետություններից երկուսի դեսպանները մերժել էին այցելել Շուշի։ Նաև անընդունելի է համարվել այն, որ ավստրալիացի հարկատուների միջոցներով պահվող դիվանագիտական համակարգի ներկայացուցիչն այցելում է բռնապետական ու հակաժողովրդավարական վարչակազմի կողմից կազմակերպված միջոցառմանը։

Հարավային Ամերիկա

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել  Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ ՀՅԴ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

Մերձավոր Արևելք

Օգոստոսի սկզբի իրադարձությունների առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՅԴ Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը նաև արաբերենով թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի հանձնախումբը օգոստոս ամսին նամակներ է հղել Բեյրութում հավատարմագրված Կիպրոսի, Հնդկաստանի և Եգիպտոսի դեսպաններին։ Հանձնախումբը մի դեպքում խստորեն քննադատել է օգոստոսի 9-ին Քոնիայում Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը, ինչն, ըստ էության,  Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման դրսևորում է։ Մյուս նամակը հանձնախումբն օգոստոսի 15-ին հասցեագրել է Լիբանանում Հնդկաստանի դեսպանին՝ շնորհավորելով Հնդկաստանի  անկախության 75-րդ ամյակի առթիվ՝ ցուցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։  

Բեյրությում Եգիպտոսի դեսպանին ուղարկված նամակով՝ հանձնախումբը խորին ցավակցություն է հայտնել Եգիպտոսում ղպտիական մզկիթի հրդեհի, դրան զոհ գնացած մարդկանց և վիրավորների համար։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ01.09.2022 թ.