ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող օրենսդրական չորս լրացումները

Վերջին ամիսների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ծավալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու և այլ ուղղություններով։

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քննարկվում էր 2023 թ․ «ԱՄՆ ազգային պաշտպանության արտոնությունների ակտը», ինչն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է և պայմանավորում է ԱՄՆ արտաքին քաղաքականության, հատկապես արտաքին ռազմաքաղաքական կարևոր ուղենիշներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով և Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամների միջոցով ներկայացված չորս առաջարկները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, վերջին երկու օրերի ընթացքում ամբողջովին ընդունվել են Կոնգրեսի կողմից։

Ընդունված օրենսդրական լրացումներով՝ Ներկայացուցիչների պալատը Բաքվից պահանջում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Մյուս լրացմամբ օրենսդիրը ամերիկյան գործադիր իշխանության համապատասխան կառույցներից պահանջում է զեկույց տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թ․ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների, սպիտակ ֆոսֆորի և կասետային ռումբերի օգտագործման, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Մեկ այլ լրացում վերաբերում է Թուրքիային ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքի սահմանափակումները խստացնելուն։

Ընդունված լրացումների մեջ թերևս ամենակարևորը Ջեքի Սփայերի կողմից ներկայացվածն էր, որն ուղղված էր ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պաշտպանության քարտուղարությանը` վերջիններից պահանջելով․

  1. փաստաթղթավորել Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կատարումից հրաժարման պատճառները,
  2.  զեկուցել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգային աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,
  3. գնահատական տալ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հարձակողական ուժի կիրառմանը կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 11-ից։

Մեկնաբանելով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաջողությունը՝ հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին և հանձնախմբի տասնյակ հազարավոր ակտիվիստներին Միացյալ Նահանգներում, որոնք հնարավոր դարձրին այսօրվա հաղթանակը։ Միասին աշխատելով` ընդդեմ խորապես արմատացած և հզոր շահերի, մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, նպաստել Հայաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դադարեցնել ամերիկյան զենքի հոսքը դեպի Թուրքիա»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

15.07.2022 թ.