(Ապրիլ 14) Հոլանդահայ կազմակերպությունները 2014 թվականին ևս պատրաստվում են լայնամասշտաբ կերպով նշել Մեծ Եղեռնի տարելիցը: Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ողջ Հոլանդիայի տարածքով մեկ: Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություններն արդեն մեկնարկել են և շարունակվելու են նաև ապրիլի 24-ից հետո: Ապրիլի 11-ին Ուտրեխտում «Գլաձոր» հայ ուսանողական միությունը ցեղասպանության թեմայով ընթերցանության երեկոյին հյուր էր հրավիրել երիտասարդ գրող-տեսաբան Էնթոնի Հոլսլագին, ով հետազոտություն է կատարել Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Նա հայ ուսանողներին է ներկայացրել իր In het Gesteente van Ararat գիրքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն օրը՝ ապրիլի 11-ին, Նիդերլանդների հարավում գտնվող Օսթբուրգ քաղաքում բացվել է T Armeense Hoekje (Հայկական անկյուն) անունը կրող ռեստորանը: Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը Մեծ Եղեռնին նվիրված թեմատիկ նյութեր է պատրաստում ցուցադրել այստեղ այցելող հաճախորդներին, իսկ ապրիլի 24-ին նախատեսված է ցուցադրել Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմեր, նաև հարցազրույց է կազմակերպվելու մարզային ռադիոյով:
Ապրիլի 22-ին Հայ Դատի Հոլանդիայի հանձնախումբը, Հաագայում համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների հետ, Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացնելու: Ցույցն սկսվելու է Հաագայի Պլեյն հրապարակում` Հոլանդիայի խորհրդարանի մոտից, այնուհետև շարունակվելու է երթով դեպի Թուրքիայի դեսպանատուն, Քեսաբի դեմ ագրեսիան դադարեցնելու ու նոր ցեղասպանությունը կանխելու կոչերով:
Նույն օրը՝ երեկոյան, Հայ Դատի Հոլանդիայի հանձնախմբի Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամներն ու նրանց համախոհները Դեն Հաագում իրականացնելու են գիշերային քայլարշավ և մոմավառություն:
Ապրիլի 23-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24» հանձնախումբը կազմակերպում է հուշ երեկո: Այս միջոցառումը տեղի կունենա Ամստերդամի վերանորոգված Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցում, որի 300-ամյակը նշվելու է այս տարի: Ծրագիրը պարունակում է ելույթներ և երաժշտություն: Ելույթ կունենան Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Գերտ Յան Սեգերսը, Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն պարոն Ռոնի Նաֆտանիելը և այլ անձինք:
Ապրիլի 24-ին, ժամը 11-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում Ասենում գտնվող Մեծ Եղեռնի հուշարձանին, որը գտնվում է այդ քաղաքի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը: Մեկ այլ վայրում՝ Ալմելո հայաշատ քաղաքում, բացվելու է Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքի տուֆից տասնվեց խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Այդ օրը Նիդերլանդների, նաև հարևան երկրների հայաշատ վայրերից բազմաթիվ պատվիրակություններ են ժամանելու` հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշահամալիրին:
Ապրիլի 26-ին Վստերվորդում Հայ տիկնանց միությունը Արնեմի Հայ Եկեղեցու խորհրդի հետ կազմակերպելու է հուշ-երեկո:
ԱՐՄԵՆՊՐԵՍ