Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնում է, որ Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը: Ըստ նախագահ Մենենդեզի, ԱՄՆ-ի վարչակազմը խախտել էօրենքը (907-րդ բանաձևը)՝ Ադրբեջանին 164 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկելով (2002-2020 թթ.): GAO-ի զեկույցը «բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չեն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջները»,- ասվում է սենատորի հաղորդագրության մեջ:
Համաձայն սենատոր Մենենդեզի մամուլի հաղորդագրության, ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցի հիմնական բացահայտումները հետևյալն են.
-ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը բացահայտում է նախկինում չբացահայտված ընդհանուր 164,000,000 ԱՄՆ դոլարի ռազմական/անվտանգության օգնությունը, որը տրամադրվել է Ադրբեջանին:
-Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա:
-Պետդեպարտամենտի հիմնավորման հուշագրերը պարունակում էին սահմանափակ կամ ընդհանրապես չէին պարունակում մանրամասներ՝ կապված օգնության չափի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության կարգավիճակի, ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ աջակցության ազդեցության կամ խաղաղության բանակցությունների վրա աջակցության ազդեցության հետ:
-Պետդեպարտամենտի 2021թ.-ի ուղեցույցում չէին տրամադրվել մանրամասն հրահանգներ գործակալություններին՝ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնելու պահանջների վերաբերյալ:
-Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը չեն փաստագրել 2014-2020թթ.-ի ֆինանսական տարիների կասեցման պահանջների իրենց դիտարկումը, ներառյալ այն, թե ինչպես են նրանք որոշել, որ օգնությունը չէր օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: