ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:
Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար:
ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նաեւ նոր ցեղասպանությունների կանխման համար»,- մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը` այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը` հետագայում նման գործողությունների իրականացումը կանխելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: