Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու՝ գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է:
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
«Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է բանեցվում, և դա արվում խորհրդարանի միջոցով: Որպես ժողովրդավարական քաղաքականություն ունեցող երկիր, ակնկալվում է, որ կառավարությունը պետք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եվ երբ առկա է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է»,- ասաց Հաjկ Գայսերյանը:
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց, որ հույների, ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիվ աշխատանքն ինչպես Սենատի, այնպես էլ գործադիրի hետ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թվականի ցեղասպանությունը և համապատասխան կոչերով հանդես եկել:
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: