Հայ դատի Կանադայի հանձնախումբը (ANCC) oգոստոսի 27-ին՝ սույն թվականի սեպտեմբերի 20-ին նշանակված դաշնային ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր քաղաքական առաջնահերթությունների տարեկան փաստաթուղթը: Այս առիթով Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Հրագ Թարեքչյանը ընդգծել է․ «Սա վճռորոշ ընտրություն է բոլոր կանադացիների համար, ներառյալ՝ կանադահայ համայնքի, որը վերջին երկու տարիների ընթացքում անցել է ծայրահեղ բուռն իրադարձությունների միջով, հետևաբար, մենք ցանկանում ենք ապահովել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի, և պատշաճ գործողություններ ձեռնարկվեն մեր համայնքին վերաբերող հարցերի շուրջ»։
Քաղաքական առաջնահերթությունների փաստաթուղթը ռազմավարական դիրքորոշում ունի՝ լուծել Արցախի Հանրապետությունում առկա խնդիրները՝ շեշտը հատուկ դնելով անցյալ տարվա ընթացքում ադրբեջանաթուրքական ագրեսիայի սարսափելի հետևանքների վերացման վրա:
Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ընդգրկում են լայն շրջանակ՝ սկսած Արցախի Հանրապետության ճանաչումից մինչև Երևանում Կանադայի դեսպանատան բացում, Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող ռազմագերիների անվտանգ վերադարձից մինչև Հայաստանի և Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը:
Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանն էլ իր հերթին արձանագրում է․ «Ինչպես տասնամյակներ շարունակ պարտավորվել էինք ապահովել Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ այսօր հավատարիմ ենք հետամուտ լինելու Արցախի ճանաչմանը և Կանադայի ու Հայաստանի միջև ռազմավարական հարաբերություններն հաստատմանը»։
Քաղաքական առաջնահերթությունների փաստաթուղթը ծառայելու է որպես Կանադայի 44 -րդ համապետական ընտրություններին մասնակցող թեկնածուներին իրազեկելու միջոց և գալիք քաղաքականության պլանավորման ուղեցույց։
Փաստաթղթի անգլերեն տարբերակին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.anccanada.org/wp-content/uploads/2021/08/ANCC-POLICY-PRIORITIES-EN-1-1.pdf
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
30.08․2021 թ.