Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին, որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS- ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:
Այս առիթով Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը նկատում է․ «ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան, որը մերժում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, CalPERS-ի որոշումը՝ հրաժարվել թուրքական կառավարության ներդրումներից, իր բնույթով համարձակ է և սկզբունքային։ Այս արդյունքի համար մենք երկար ժամանակ ենք աշխատել։ Մենք երախտապարտ ենք սենատոր Էնթոնի Պարանտինոյին այս աշխատանքն առաջնորդելու համար և անհամբերությամբ սպասում ենք նմանատիպ այլ հաջողությունների, որոնցով քանդվում են ժխտողականության պատերը»։
Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային ֆոնդերի կողմից թուրքական ներդրումներից հրաժարվելու գործընթացը սկսվել է ավելի վաղ։ Մասնավորապես CalPERS-ի քայլին նախորդել էր «Ուսուցիչների կենսաթոշակի պետական համակարգի» (CalSTRS) նույնաբնույթ դիրքորոշումը: Դրա մասին 2021 թ․ հունիսի 16-ին հայտարարվեց Գլենդելի Արցախի պողոտայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։ Հենց դրա ընթացքում էլ սենատոր Պարանտինոն նույն քայլին դիմելու կոչ հղեց CalPers-ին, որն էլ իր հերթին արձագանքեց օգոստոսի 18-ին։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.08․2021 թ.