ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների, ավելի քան 30 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից Արցախի շահերի պաշտպանությանը։ Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում, իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը։
Որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։ Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերինների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։
Ներկայումս, առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցներն առարկայորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը՝ ստեղծված ծանրագույն իրավիճակի հաղթահարման և առավել քան 30 տարի առաջ սկսված ազգային ազատագրական պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
08.08․2021 թ.