Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Սենատը հունիսի 30-ին ընդունեց «Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախում քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները դատապարտող» բանաձև, որով ճանաչեց նաև Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդպիսով՝ Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պատշաճ ոգեկոչման վերաբերյալ հանձնառությունների վերահաստատմանը, Արցախի Հանրապետության ճանաչմանը զուգահեռ, դիմել է նախագահ Բայդենին և ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով, որպեսզի Սպիտակ տան վարչակազմը նույնպես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Նահանգային օրենսդիրը ԱՄՆ Սենատին նաև կոչ է արել օժանդակել ֆեդերալ սենատոր Մենենդեսի նախաձեռնություններին, որով ԱՄՆ-ն չի կարող որևէ օժանդակություն տրամադրել Արցախում միջազգային և մարդու իրավունքների նկատմամբ հանցանքներ գործած կողմին։
Կարևոր այս արդյունքին հնարավոր է եղել հասնել Նյու Ջերսիի եւ ԱՄՆ Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբերի տևական և նպատակասլաց աշխատանքի արդյունքում։
Նման որոշումների ընդունումը մեկ անգամ ևս ցուցադրում է, որ Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունեցող անշրջելի գործընթաց է։ Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների ընդլայնման ցանկացած նոր դեպք Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրվող մեկուսացման քաղաքականության հերթական ճեղքումն է։
Հատկապես ներկա ծանր կացության պայմաններում Արցախը միջազգային հումանիտար, բարոյական և քաղաքական աջակցության առավել մեծ կարիք ունի։ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը հետայսու ևս շարունակելու է Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների խթանման աշխատանքները երեք հիմնական մակարդակներում՝ ապակենտրոն ճանաչում, ապակենտրոն համագործակցություն և միջխորհրդարանական բարեկամության խմբեր/բարեկամության շրջանակներ։ Այս առումով արդեն իսկ ծրագրված են առաջիկա ամիսների անելիքները։
Նյու Ջերսիի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական հաղորդագրությանը և ընդունված բանաձևի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ New Jersey becomes 10th US state to recognize Artsakh (armenianweekly.com)
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
01.07.2021 թ.