Մարտի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ թուրքական դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Հաջորդ օրերին բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում և Լիոնում: Ցույցերին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ:
Փարիզում 2007թ-ից հետո Թուրքիայի դեսպանատան դիմաց առաջին անգամ է բողոքի ցույց տեղի ունենում:
Ցույցի ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատու Հրաչ Վարժապետյանը, ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողները դատապարտեցին Քեսաբի վրա հարձակումը և մեղադրեցին Թուրքիայի կառավարությանը այդ ամենին անմիջական մասնակցության համար: Ինչպես նաև կոչ արվեց Արևմուտքին և Ֆրանսիայի կառավարությանը դադարեցնել զինել ծայրահեղական խմբավորումներին:
Ցույյցի մասնակիցները վանկարկում էին <<Ոճրագործ Էրդողան դուՙրս Քեսաբից>>, <<Էրդողանն էլ է Ալ-Քայդայի ահաբեկիչ>>, <<Քեսաբը մերն է>>, <<Ոչ կմոռանանք, ոչ էլ կներենք Թուրքիային>>: