Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Կոնգրեսին՝ դադարեցնել ամերիկացիների հարկերի հաշվին ադրբեջանական բանակի ֆինանսավորումը

Լուրեր

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել է կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։ Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որին կից հրապարակված է հայ գերեվարված զինվորների լուսանկարը։

«Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրե՛ք դա հիմա։ Կոչ արեք Կոնգրեսին՝ հիմա՛», – գրված է լուսանկարին կից հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։