Որևէ փաստաթուղթ ստորագրելիս անպայման պետք է հաշվի առնվի երկու հանգամանք

Լուրեր

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

-Օրերս Եվրախորհրդարանը 607 պատգամավորների կողմ ձայներով բանաձև ընդունեց, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ուժ կունենա այս բանաձևը:

-Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որովհետև այն արդար և ուժեղ բանաձև է: Այն ոչ միայն պահանջում է ոչ միայն ռազմագերիների, այլ բոլոր ազատազրկված հայերի վերադարձը՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք երբ և ինչ պայմաններում են ազատազրկվել Ադրբեջանի կողմից: Բանաձևը նաև խիստ բառապաշարով դատապարտում է Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը մեր ռազմագերիների նկատմամբ, և Ադրբեջանի իշխանությունների մերժումը՝ համագործակցելու միջազգային կազմակերպությունների, օրինակ Կարմիր Խաչի կամ Մարդու իրավոևնքների եվրոպական դատարանի հետ, ինչպես նաև իրավաբանների և մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող անձանց կողմից ռազմագերիներին այցելելու արգելումը: Պետք է նաև նշել, որ չնայած այս բանաձևի սևագիր տարբերակը պատրաստվել էր մի քանի շաբաթ առաջ, բայց Եվրախորհրդարանի անդամները Սյունիքի դեպքերը տեսնելով ցանկացան դա ներառել բանաձևում և խիստ քննադատել Ադրբեջանի կողմից վերջին օրերի ռազմական աշխուժությունը և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը: Բանաձևը նաև անդրադառնում է հայ ժողովրդի և Արցախի բնակչության անվտանգությանը, հայկական կրոնական և մշակութային ժառանգության խնդրին և, ի վերջո, ևս մեկ անգամ հաստատում է Եվրախորհրդարանի սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և նրա հիմնարար սկզբունքներին՝ հստակ նշելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչպես տեսնում ենք, իսկապես ուժեղ և արդար բանաձև է: Ես այս առիթն ուզում եմ օգտագործել ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Եվրախորհրդարանի այն բոլոր անդամներին, որոնք ընդառաջեցին ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և Բելգիայում ՀՀ դեսպանատան համատեղ պահանջներին:

-Որքանով այս բանաձևն ազդեցություն կունենա ադրբեջանական կողմի համար, կարո՞ղ ենք ակնկալել գերիների արագ վերադարձ:

-Դժվար է ասել՝ արդյոք այս բանաձևը Ադրբեջանի կեցվածքի վրա հստակ ազդեցություն կունենա և կարագացի գերիների ազատ արձակումը: Բնականաբար, մեր ռազմագերիների վերջնական ազատ արձակումը բոլորիս նպատակն է, նաև Եվրախորհրդարանի պահանջն է, Եվրախորհրդարանի նիստում ելույթ ունեցած բոլոր պատգամավորների պահանջն է: Սակայն, դժբախտաբար, տեսնում ենք, որ Ադրբեջանը մեր ռազմագերիների ազատազրկումը ամոթալի ձևով օգտագործում է, որ աշխարհաքաղաքական կամ նոր տարածքային շահեր ապահովի: Սա մեզ համար անընդունելի է: Մեկ բան սակայն հստակ է, որ այս բանաձևը ներկայանում է որպես ևս մեկ գործիք Եվրամիության դիվանագիտության համար՝ ի դեմս իր արտաքին գործերի ծառայության և հանձնակատար Ժոզեֆ Բորելի, որպեսզի ավելի բարձր մակարդակի ջանքեր, քաղաքական կամ դիվանագիտական ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա՝ ապահովելու համար մեր գերիների անհապաղ վերադարձը:

-Սյունիքի մարզի իրադարձությունների վերաբերյալ աջակցություն նկատվեց Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանն այս հարցով այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ին:

-Ընդհանրապես լավ է, որ միջազգային հանրությունը պատրաստակամություն հայտնեց օգնել Հայաստանին, բայց թե ինչու ՀՀ իշխանությունները չդիմեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այդ հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին: Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող ունենալ:

-Խոսվում է, որ դեմարկացիոն գործընթացների հետ կապված հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի առաջիկայում: Ի՞նչ կարծիք ունեք այդ արդեն իսկ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:

-Ինձ համար բավական տարօրինակ է և հարցադրումների դուռ է բացում, որ երկրի վարչապետը, որ հրաժարական է տվել, այլևս վարչապետ չէ, այլ միայն պաշտոնակատար, այսպիսի մեծ կարևորություն ունեցող փաստաթղթեր կամ համաձայնագրեր ստորագրի, որոնք առնչվում են Հայաստանի պետականությանը և երկրի սահմաններին: Կարծում եմ՝ չպետք է շտապել, պետք է սպասել ընտրությունների ավարտին: Ընդհանրապես որևէ փաստաթուղթ ստորագրելիս, հատկապես մեր թշնամի երկրների հետ, անպայման պետք է հաշվի առնի հետևյալ երկու հանգամանքները. Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունն ու հիմնարար իրավունքները:

Սիրանույշ Պապյան