ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված ամենաերկարատև պատմությունն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարությանը հստակ ուղերձ հղելով, որ ոչ թե Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպես դատապարտել, ոգեկոչել և անդրադառնալ այս հանցագործության հետևանքներին։ Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը։
«ԱՄՆ-ի ճանաչումը միայն անցյալը պատշաճ կերպով պատվել չէ, այն նաև ապագայի մասին է՝ մաքրել ճանապարհը հայ ժողովրդի համար արժանի արդարության ապահովման, առաջընթացի համար և վերադասավորել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ ապահովելու համար անվտանգություն և երկարաժամկետ կենսունակություն հայրենիքում»,- ասաց նա։
ԱՄՆ ներքին քաղաքականության առումով, ըստ Եղիսաբեթ Չուլջյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հնարավորություններ կընձեռի կրթական և դատական ոլորտներում: «ԱՄՆ 14 նահանգների դպրոցական ծրագրերում նշվում է Հայոց ցեղասպանության մասին։ Այդ թիվը կարող է և պետք է աճի: Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ հստակ քաղաքականության բացակայությունը խոչընդոտել է դրական արդյունքները ԱՄՆ-ի առնվազն երկու դատական գործերում, որոնք առնչվում են ցեղասպանության դարաշրջանի ունեցվածքի հետ: Միջազգային փաստաբանները, փորձագետները և խմբերը, ինչպիսիք Մարդու իրավունքների պաշտպանության հայկական իրավական կենտրոնն է, այժմ կարող են հայտնաբերել նոր իրավական ուղիներ` անհատական և կոլեկտիվ հատուցումներ ապահովելու համար»,- ասաց նա։
Հայաստանի և Արցախի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության առումով, Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, ճանաչումը պետք է համապատասխանի գործողությունների հետ. «Պետք է փոփոխություններ լինեն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում։ ԱՄՆ պետք է օգնի անցյալ աշնանը Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների արդյունքում 100.000-ին տեղահանվածներին, պատժի Թուրքիային և Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար և ապահովի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձը»,- նշեց նա։
Էլիզաբեթ Չուլջյանը հավելեց, որ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի համար Հայաստանին և Արցախին վերաբերող երեք կարևոր առաջնահերթություններ կան. Սենատի և Ներկայացուցիչների պալատի նրկայացուցիչների հետ համագործակցելով՝ Հայաստանին և Արցախին 100 մլն դոլար աջակցությանը, Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության կրճատմանը և թիվ 249 բանաձևի ընդունմանը հասնել։ Վերջինը, ըստ նրա, վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը։
ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչն ընդգծեց՝ ապրիլի 24-ի իր հայտարարությամբ նախագահ Բայդենը սահմանել է ԱՄՆ քաղաքականությունը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որը կարող է և կունենա նաև քաղաքական և իրավական հետևանքներ ներքին և արտաքին քաղաքականության մեջ:
«Բայց այստեղ կարևոր է նշել, որ քաղաքականության հետևանքները կախված են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ԱՄՆ-ում հայկական համայնքային խմբերից և մեր դաշնակիցներից՝ ակտիվորեն հետամուտ լինելով այդ քաղաքականության փոփոխություններին: Համայնքային շահերի պաշտպանությունը տևական և շարունակական է լինելու՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ճշմարիտ և ամբողջական իմաստ հաղորդելու համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանում մասնագիտական շրջանակների մոտ մտավախություն կա, թե ԱՄՆ-ն ուզում է շրջանցել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտը», Էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց՝ իրենք էլ են լսել անհանգստացնող տեղեկություններ այն մասին, որ Բայդենի վարչակազմը քննարկում է Ադրբեջանին ԱՄՆ օգնության 907-րդ մասի սահմանափակումներից հրաժարվելու հնարավորությունը: «Մենք նախաձեռնել ենք շարժում՝ anca.org/907, որի միջոցով ամերիկահայերը կարող են կոչ անել նախագահ Բայդենին և Կոնգրեսին պահպանել այդ սահմանափակումները,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 907-րդ բանաձևն ընդունվել է 1992 թ.-ին`որպես Ազատության աջակցության մասին օրենքի մաս, և սահմանափակում է ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը,-«մինչ նախագահը որոշի, և այդպիսով զեկուցի Կոնգրեսին, Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնել բոլոր շրջափակումներն ու ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:
Նա նաև հիշատակեց, որ 2002 թ.-ին Կոնգրեսը թույլ է տվել նախագահին հրաժարվել 907-րդ բանաձևից, քանի դեռ Սպիտակ տունը հաստատում էր, որ «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու կամ Հայաստանի դեմ վիրավորական նպատակներով օգտագործելու շարունակական ջանքերին»:
«ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ`հանրապետական, թե դեմոկրատ, հրաժարվել է 907-րդ բանաձևից`թույլ տալով մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն Ադրբեջանին: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ, ինչպես Պաշտպանության նախարարությունն է պնդում, օգնությունը տրամադրվում էր Կասպից ծովի անվտանգության հետ կապված հարցերի համար, հրաժարումը թույլ տվեց Ադրբեջանին ավելի մեծ ռեսուրսներով հարձակվել Հայաստանի և Արցախի վրա»,- նշեց նա։
Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի՝ 2020-ի աշնանը դեռ նախագահի թեկնածու Բայդենը նախագահ Թրամփին հորդորեց պահպանել 907-րդ բաժնի Ադրբեջանին վերաբերող սահմանափակումները:
«907-րդ բանաձևից հրաժարվելով՝ ԱՄՆ այժմ արդյունավետորեն կանաչ լույս է վառելու Հայաստանի և Արցախի դեմ հետագա ադրբեջանական ագրեսիայի համար։ Հայ դատի հանձնախումբը կշարունակի աշխատել Վարչակազմի հետ`նրանց իրենց տեղում պահելու համար, իսկ հրաժարվելու դեպքում` կհամագործակցենք Կոնգրեսի հետ `ապահովելու համար, որ ռազմական օգնությունն իրականում չհասնի Ալիևի ռեժիմին»,- ասաց նա: