Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:
Հանձնախումբը հորդորել է վարչապետին՝ հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում ունեցած ելույթին, որում նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: Կարևոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ է»:
Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեությանը՝ արդեն վարչապետ Մորիսոնը, որը պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:
«Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասվում է նամակում:
Հանձնախումբը նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի փոխվեն անձի արժեհամակարգն ու տեսակետները:
Նշելով, որ Սպիտակ տնից ևս կան դրական ազդակներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ հանձնախմբի անդամները շեշտել են, որ հիմա ճիշտ ժամանակն է մերժել սպառնալիքները, որոնք կիրառում է ավտորիտար Թուրքիան:
«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ՝ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղասպանություն»,- ասվում է նամակում: