lragir.am-ի զրուցակիցն է է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը
-Հայկական համայնքը Բելգիայի վարչապետին կոչ է արել դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորումը։ Ինչպիսի՞ ակնկալիքներ կան Բելգիայի կառավարությունից։
-Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 5-րդ տարելիցի առիթով մարտի 22-ին՝ համագործակցելով Բելգիայի հայկական համայնքի պաշտոնական ներկայացուցչության հետ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը համերաշխության և ոգեկոչումի նամակ է ուղարկել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Քրոյին: Մենք իրեն կրկին հիշեցրինք, որ իբրև այս երկրի լիիրավ քաղաքացիներ Բելգիայի հայերը զորակցում են պետության ու կառավարության հետ ահաբեկչության դեմ պայքարին, որը տարվում է ընդհանրապես Եվրոպայի մեջ: Բնականաբար, չէինք կարող այս թեմայի մասին խոսել առանց անդրադառնալու, որ հայերը ահաբեկչության զոհ են դարձել: Մասնավորապես, 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ են ուղարկվել Արցախ:
Այստեղ պետք է հիշել երկու բան. նախ Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևի մեջ հստակ դատապարտում կա Թուրքիայի ուղարկած ահաբեկիչների մասին, երկրորդ, Բելգիայի կառավարությունն արդեն նոյեմբերի 12-ին խորհրդարանական հարցումներին ի պատասխան հաստատել էր Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղարկած վարձկանների օգտագործման փաստը: Այս երկու հանգամանքները հաշվի առնելով մենք երկրի վարչապետին ուղարկած մեր նամակի մեջ պաշտոնական Բելգիայից պահանջեցինք ավելի հստակ դատապարտում, նաև ավելի կարծր և վճռական կեցվածք Թուրքիայի այս հակամարդկային և հայատյաց քայլերին: Որովհետև մեր կարծիքով, նաև շատ միջազգային կազմակերպությունների, եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքով, նույն խմբավորումների միջոցով է, որ այս ահաբեկչական գործողությունները տեղի ունեցան՝ լինի Եվրոպայում, թե Արցախի հայության դեմ: Այսինքն թշնամին նույնն է և այդ թշնամուն սատարում է Թուրքիան:
-Բելգիայի ներկայացուցիչների պալատը տարեվերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև ընդունեց։ Ընդհանրապես, այսպիսի բանաձևերի ընդունումն ինչպիսի նշանակություն է ունենում։
-Պետք է ասել, որ Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը իսկապես հայկական համայնքի ակնկալիքներին բավարարում էր, որտեղ հստակ դատապարտում կար Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին մատնանշում կար, մասնավորապես Արցախի բնակչության դեմ, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումների մասին կետ կար՝ լինեն եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, Արցախի փախստականների և ներքին տեղահանվածների մասին կետ կար, նաև Ադրբեջանի զորքերի հետ քաշվելու պահանջ կար: Հայկական մշակութային և կրոնական կալվածքների պահպանման մասին կետ կար, Արցախի վերաշինությանը մասնակցության, մարդասիրական օգնություն ուղարկելու պահանջ կար: Մի խոսքով, այն շատ արդար ու տեղին բանաձև էր, որը գրեթե միաձայն ընդունվեց: Սա փաստում է, որ Արցախի ժողովուրդն ունի ընկերներ Եվրոպայի մեջ:
Սակայն, ինչպես գիտեք, ամեն տեղ մեր խնդիրը օրենսդիր մարմինների հետ չէ, գործադիր մարմինների հետ է: Մենք տեսանք Ֆրանսիայում, Հոլանդիայում, ինչպես նաև Եվրախորհրդարանում, որ երբ հայկական համայնքները ճնշում են բանեցնում օրենսդրի վրա, ունենում ենք դրական արդյունքներ և այսպիսի բանաձևեր, սակայն դրանք պետք է գործի վերածվեն կառավարությունների կողմից: Այստեղ է, որ կառավարությունները պետք է միջամտեն դյուրացնելու այդ ընթացքը, և հայկական կողմի խնդիրն այստեղ է: Չնայած այս բոլորին, Բելգիայում հայկական համայնքի ղեկավարությունը մշտական կապի մեջ է երկրի ԱԳՆ-ի և նույնիսկ նախարարի աշխատակազմի ղեկավարների հետ: Նրանց հետ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, որպեսզի այդ բանաձևի կետերը կյանքի կոչվեն կառավարության կողմից: Մասնավորապես, այս պահին մեզ հետաքրքրում է շտապ ձևով հայ ռազմագերիների վերադարձի հարցը, ինչպես նաև հայկական կրոնական ու մշակութային ունեցվածքների, կալվածքների պահպանությունն Արցախում: Այս երկու հարցերը մեզ համար առաջնահերթություններ են, սակայն մենք հետամուտ պետք է լինենք, որ այդ բանաձևի բոլոր կետերը կյանքի կոչվեն Բելգիայի կառավարության կողմից:
-Համայնքը ինչպե՞ս է հետևում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչպիսի կարծիք կա։
-Թույլ տվեք այս հարցին պատասխանել ոչ թե ընդհանուր Բելգիայի հայ համայնքի անունից, այլ միայն այն կազմակերպության անունից, որը ես կարող եմ ներկայացնել՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի: Այո, մենք ամեն օր հետևում ենք Հայաստանում ներքաղաքական զարգացումներին և իրադարձություններին: Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ լինի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո, լինի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթից հետո: Համաձայն ենք ժողովրդի պահանջի հետ, որ կառավարությունը հրաժարական տա և գնան արտահերթ ընտրությունների, որոնք անպայման պետք է տեղի ունենան արդար և մրցակցային մթնոլորտում: Այն իշխանությունները, որոնք ստորագրեցին այդ երկու փաստաթղթերը, որոնք չէին պարունակում որևէ հայամետ կետ, նրանք այլևս չեն կարող ներկայացնել Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք չեն կարող հայանպաստ որոշումներ գրանցել բանակցություններում: Այդ պատճառով նման իշխանությունները պետք է հրաժարական տան ու հեռանան: