Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որևէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան՝ հայկական կողմը համաձայնեց իրականացնել նույն փաստաթղթի 9-րդ կետը: Այս ամենն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարության համար, և որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժվար կլինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:
Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի հայտարարութուն, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան նոր տրանսպորտային կապ ստեղծել՝ այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանյան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդեն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, և ուղիղ, բաց սահման՝ Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրված առևտրային ճանապարհ դեպի այս երկու երկրներ՝ երկաթուղային կապով:
Հաշվի առնելով Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացությունը, որը թիրախավորում է նույնիսկ երեխաների, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամենը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական հանցագործությունները, այսօր էլ շարունակվող հայ ռազմագերիների խոշտանգումները ևկտտանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանությունը, այս փուլում առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից:
Հայաստանը թերևս հակամարտության միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլև գերակատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթով ամրագրված իր պարտավորությունները: Այսպիսով՝
- վերոհիշյալ փաստաթղթի առաջին պարբերությունում նշվում է, որ կողմերը «պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գյուղեր փոխանցվեցին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չէր հաջողվել դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատել:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց հապճեպ և խիստ վտանգավոր սահմանազատման գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցվածքները (օրինակ ՝ Կապան քաղաքի օդանավակայանը): Այն նաև հանգեցրեց հայ գյուղացինի անշարժ գույքի զգալի կորստի և անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:
- Փաստորեն Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր միակ պարտավորությունը, այն է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձնանց: Փոխարենը Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով և շարունակում ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին և նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում նվաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թվում անօգնական մեծահասակների: Հրապարակվել են նաև հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանյութեր:
Մեկնաբանելով հունվարի 11-ի հայտարարությունը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ցավոք այս հայտարարությունը ստորագրելով՝ հայկական կողմը կրկին չկարողացավ բավարարել անվտանգության իր առանցքային կարիքները և հասնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կարևոր պահանջի իրացման, այն է՝ գերիների վերադարձին: Փաստորեն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց՝ չնայած նրան, որ չհասավ իր միակ հրատապ և կարևորագույն պահանջի իրագործմանը: Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծված խնդիրները, Ադրբեջանում հայատյացությունը և էրդողանական Թուրքիայի պանթուրքական հավակնությունները՝ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունը անվտանգային լուրջ մտահոգություններ է առաջացնում Հայաստանի հարավի, ինչպես նաև ընդհանուր առմամբ պետության ինքնիշխանության համար»:
Հայ ռազմագերիների վերադարձի առնչությամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կկատարեր արդար միջնորդի իր դերը և ավելի մեծ ճնշում կգործադրեր Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս էլ կատարեր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունը: Ցավալի է, որ այս հարցում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները, ինչպես նաև Եվրամիությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես պարտավոր են միջամտել՝ վերջ դնելու համար ադրբեջանական իշխանությունների կողմից հայ պատանդների կտտանքներին և խոշտանգումներին և երաշխավորելու նրանց վերադարձը»:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Բրյուսել, 15 հունվար 2021թ.