Հայաստանի համար կարեւոր հարցերին վերաբերող Օլանդի շեշտադրումները՝ ըստ Կիրո Մանոյանի

(aravot.am) ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայաստանյան այցի ընթացքում ճիշտ շեշտադրումներ է կատարել Հայաստանի համար առաջնահերթ խնդիրների վերաբերյալ: «Հայտարարեց, որ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը չեն համապատասխանում այն սերտ հարաբերություններին, որոնք կան երկու պետությունների միջեւ, այսինքն նշեց, որ ամենաթույլը մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն են:

Շեշտեց նաեւ այլ խնդիրների մասին Ֆրանսիայի տեսակետը, այն որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, թեեւ կարեւորեց Էրդողանի ապրիլ 23-ի հայտարարությունը, բայց ասաց՝ այն բավարար չէ:

Արցախի հարցով կարեւոր էր այն հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտման, թեեւ ինքը հանրաքվե ասաց եւ կարեւորեց այն հարաբերությունները, որոնք եղել են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ:

Նախագահ Օլանդի հայաստանյան այցելությունը հին բարեկամի մոտ այցելություն էր, բավական հարազատ էր»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Մանոյանը: Նա նաեւ կարեւորեց, որ Ֆրանսիայի նախագահը հանձն առավ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ձեւ գտնի, ինչը կարող է դրական լինել Հայաստանի համար:

Անդրադառնալով ցեղասպանությունը ժխտելու քրեականացման բանաձեւի ընդունման հեռանկարին՝ պարոն Մանոյանն ասաց. «Նախագահ Օլանդը հայտարարեց, որ կսպասեն եվրադատարանի վերջնական վճռին՝ հաշվի առնելով Շվեյցարիայի բողոքն այդ հարցով ու ասաց, ըստ այդմ, օրինագիծը կվերջնականացնեն: Նախագահ Օլանդը չի ուզում ունենալ այնպիսի օրինագիծ, որը կարելի լինի վիճարկել եվրադատարանում ու մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այն պետք է համապատասխանեցնեն Սահմանադրական խորհրդի երկու տարի առաջվա որոշմանը, որտեղ կան կետեր, որոնց չէր համապատասխանում բանաձեւը: Կարեւոր է՝ Օլանդը հանձնառու է լինում, որ այդ օրինագիծը ի վերջո պետք է ներկայացվի ու քվերակվի»:

Վերջում էլ հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի. «Մարդկության դեմ ոճիրը , ըստ միջազգային իրավունքի, վաղեմության ժամկետ չունի: Բայց անտարբերության դեպքում հատուցման իրավունքից, ըստ միջազգային իրավունքի, կարող ես զրկվել»: Կիրո Մանոյանն ասաց՝ հատուցման իրավունքից զրկվելու վտանգ Հայաստանը դեռ չունի:

Կիրո Մանոյան. Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում քաղաքական վրիպում են թույլ տվել

(news.am) Հայաստանի իշխանությունները, Ֆրանսիայի նախագահի այցի առթիվ կազմակերպված միջոցառումներին ընդդիմությանը մասնակցության հրավերք չուղարկելով, քաղաքական վրիպում են թույլ տվել:

Մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսին նման համոզմունք է հայտնել ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

«Միեւնույն ժամանակ նախագահին ուղեկցող ֆրանսիական պատվիրակության կազմում ինչպես հայկական համայնքի տարբեր քաղաքական հայացքներ կրող անդամներ էին, այնպես էլ այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ», – նշել է նա:

Բացի այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տրված պաշտոնական ընթրիքին Օլանդն իր 2007թ. այցն է հիշել, որ Դաշնակցության հրավերով էր տեղի ունեցել, մինչդեռ սեղանի շուրջ այդ կուսակցության ոչ մի ներկայացուցիչ չի եղել: «Եւ դա ամենալավ տպավորությունները չի թողել ֆրանսիական կողմի վրա», – ամփոփել է Մանոյանը: