Պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի վերքերը սպիանան և ավելի ուժեղացած ոտքի կանգնենք․ Հեղինե Էվինյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Հարց։ Տիկին Էվինյան, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում մեծ աշխատանք իրականացրեց, որը շարունակվում է նաև զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Երկու օր առաջ էլ տեղեկացանք, որ Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ» ստեղծելու նախաձեռնությամբ։ Կմանրամասնե՞ք խոսքն ինչի մասին է։

Պատասխան։ Դեռևս կազմավորման և ընդլայնման փուլում գտնվող այս բարեկամության խմբի նպատակը, Եվրոպական Խորհրդարանում  արցախահայության իրավունքները պաշտպանելն է, ինչպես նաև Եվրոպական Միության գործադիր մարմիններին՝ մասնավորապես Արտաքին գործողությունների ծառայությանը, Եվրամիության Խորհրդին կամ Եվրահանձնաժողովին, այս համատեքստում հարցումներ ուղղելը և այսպիսով, անհրաժեշտության դեպքում, ինչ-որ տեղ ճնշում գործադրելը։ Այսպիսի բարեկամության խմբերը չունեն պաշտոնական կարգավիճակ, բայց ակտիվ աշխատելու դեպքում կարող են լավ հարթակ լինել  Եվրոպական Խորհրդարանում կարևոր հարցեր բարձրացնելու, խորհրդաժողովներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար։ Իհարկե, ԵԽ-ում  պատգամավորների այսպիսի կորիզ ունենալը առաջին հերթին կարևոր է ընդունվող բանաձևերում նպաստավոր դիրքորոշումներ արձանագրելու համար։ Սա առաջին անգամը չէ, որ Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ է ձևավորվում․ անցյալ օրենսդրական շրջանում ևս՝ 2014 – 2019թթ․ ստեղծվել էր այսպիսի խումբ, որի հետ անմիջական համագործակցություն ենք ունեցել և տարբեր նախաձեռնություններ իրականցրել։ Եվրախորհրդարանի՝ 2019-ի ընտրություններից հետո խումբը վերակազմելու անհրաժեշտություն կար։

Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը սերտ համագործակցություն ունի նոր խմբի նախաձեռնքող բոլոր երեք պատգամավորների հետ ( օրինակ մեր հրավերով պարոն Ալֆոնսին և պարոն Վան Դալենը մասնակցել և ելույթ են ունեցել նաև Բրյուսելում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցին՝ ի պաշտպանություն Արցախի, տիկին Գիյոմի հետ նույնպես տարբեր առիթներով համագործակցել ենք): Անշուշտ ջերմորեն ողջունում ենք իրենց այս նշանակալի նախաձեռնությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության և արդարության։ Հիմնադիր անդամներին օժանդակելու ենք բարեկամության խմբի ընդլայնման հարցում և ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի խումբը ակտիվ աշխատանք տանի Եվրոպական Խորհրդարանում

Հարց։ Կարո՞ղ եք առանձնացնել այս ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից կատարված աշխատանքի արդյունք հանդիսացող ամենակարևոր ձեռքբերումներից մի քանիսը։

Պատասխան: Սեպտեմբերի 27-ից ի վեր ստեղծվել է ֆորսմաժորային և դժվար մի կացություն, երբ պետք է աշխատենք և այժմ էլ աշխատում ենք տարբեր ուղղություններով, օրինակ՝ Եվրոպայում քաղաքական և մեդիա շրջանակներում իրազեկման աշխատանք տանելով, ինչպես նաև համայնքային նախաձեռնություններին ակտիվորեն աջակցելով։ Գիտեք, ստեղծված իրավիճակում դժվար է խոսել ձեռքբերումներից ։  Այնուամենայնիվ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակն իր կարևոր ներդրումն է ունեցել օրինակ, որպեսզի Եվրոպական Խորհրդարանի հոկտեմբերի լիագումար նիստին ընդառաջ պատգամավորները լիովին տեղեկացված լինեին Արցախում զարգացումների մասին և իրենց հստակ ճնշող մեծամասնությունը հրապարակայնորեն պաշտպանի արցախահայության իրավունքները՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային։  Բազմաթիվ եվրապատգամավորների կողմից քննադատական բաց նամակներ են հղվել բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Եվրոպայի Հայ Դատի Գրասենակը նաև ակտիվ աշխատել է, որպեսզի Բելգիայի տարբեր խորհրդարանների կողմից, այդ թվում նաև Դաշնային Խորհրդարանի, ընդունվի բավականին ուժեղ, հայանպաստ բանաձև, որն ի թիվս այլ կարևոր շեշտադրումների, Ադրբեջանին կոչ է անում զորքերը դուրս բերել Արցախից։ Նպաստավոր բանաձևեր են ընդունվել նաև Ֆլամանական և Վալոնիայի խորհրդարանների կողմից։ Ֆրանսիայի մեր հանձնախումբը և ակտիվիստները ևս շոշափելի աշխատանք են կատարել Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի  ընդունած բանաձևերի կայացման հարցում։ Պատերազմի ընթացքում մեր գրասենյակը ակտիվորեն օժանդակել և կազմակերպել է պատգամավորների և օտարերկրյա լրագրողների այց Արցախ։ Սրանք իհարկե մի քանի օրինակներ են։

Պատասխան։ Հարց-Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ դեկտեմբերի սկզբին Արցախ էին այցելել բելգիացի ներկա ու նախկին խորհրդարանականներ, կմանրամասնե՞ք այցի նպատակները և ընթացքը։

Պատասխան։ Պատվիրակության անդամները Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամներ են, որոնք առաջին անգամը չէ, որ Արցախում էին։ Դեռևս 2013-ից ի վեր, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Եվրոպայում՝ տվյալ պարագայում Բելգիայում, Արցախի հետ հասարակական և քաղաքական գործիչներից բաղկացած բարեկամության խմբերի ստեղծման և կայացման վրա։ Այսինքն՝  այս պատվիրակության բոլոր անդամները Արցախի իսկական և սրտացավ բարեկամնր են, ովքեր եկել էին ասելու, որ իրենք հատկապես այս դժվարին շրջանում իրենց ընկերներին մենակ չեն թողնում և պատրաստ են արցախցիներին նեցուկ լինել։ Բացի այդ,  այս այցն ուներ նաև շատ գործնական նպատակ պատգամավորների համար,  այն է՝  տեղում ծանոթանալ իրավիճակին, հասկանալ թէ ինչի կարիք կա, որպեսզի հետագայում իրենց քայլերն ավելի նպատակային լինեն և Բելգիա վերադառնալուց հետո օգնությունն ավելի ճիշտ կազմակերպեն՝ կլինի դա շինարարության ոլորտում աջակցելով, դեղորայք տրամադրելով թե այլ կերպ։ Իհարկե իրենք նաև շարունակելու են բարձրաձայնել արցախահայության իրավունքների մասին։

Հարց։ Եվ վերջում, որո՞նք են Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն այս պահին և ի՞նչ արդյունքների սպասել մոտ ապագայում։

Պատասխան։ Անշուշտ Արցախը շարունակելու է գլխավոր տեղ զբաղեցնել Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և հանձնախմբերի օրակարգում։ Ստեղծված նոր իրականությունը և իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է իհարկե վերանայենք մեր անելիքները՝ արցախահայության իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար։ Ամեն ինչ դեռևս շատ թարմ է և ժամանակ է անհրաժեշտ։ Այսօր մեր գերխնդիրը Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն է։ Այսինքն՝ ցանկացած քայլ, որ ձեռնարկենք, պետք է միտված լինի մեր հայրենակիցների անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախի այս մնացած հատվածը շարունակի մնալ հայկական, որպեսզի մեր հայրենակիցներն ուզենան ապրել հայրենի հողում և շենացնել այն։ Պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի վերքերը սպիանան և ավելի ուժեղացած ոտքի կանգնենք։ Եվ իհարկե պետք է հետամուտ լինենք, որ հետագա բանակցությունների ընթացքում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն իրացվի՝ որպես անվտանգության երաշխիք։  Իսկ մոտ ապագայում պատրաստվում ենք նաև տարբեր տեսակի նյութական օժանդակության ծրագրերի վրա աշխատել՝ մեր եվրոպացի բարեկամների շրջանակների հետ միասին։ Կշարունակենք նաև կազմակերպել Եվրոպական տարբեր պատվիրակությունների այցելություններ դեպի Արցախ։