Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում

Բրյուսել, 7 նոյեմբեր 2019․ Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆլամանական խորհրդարանում։

Ֆլամանական խորհրդարանի ութ անդամներ, այդ թվում բելգիացի սենատորներ մասնակցեցին հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր- Խաչատուրեանը, ինչպես նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Ի թիվս այլ թեմաների, հանդիպման մասնակիցները քննարկեցին Արցախի և Ֆլանդրիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ներուժը, մասնավորապես գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում: Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում Արցախի կողմից հաստատված միջազգային կապերը, ինչպես նաև երկրում անվտանգության իրավիճակը:

Քննարկման առանցքային կետերից մեկը Արցախի աշխարհաքաղաքական մեկուսացումն էր՝ պարտադրված Ադրբեջանի իշխանությունների կողմից, մասնավորապես՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհնարինությունը: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մտադիր են օդանավակայանը գործարկել միայն քաղաքացիական նպատակներով, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի թռիչք կամ վայրէջք կատարել Ստեփանակերտում:

Մեկնաբանելով հանդիպումը՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց․ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆլամանացի խորհրդարանականներին Արցախի Հանրապետության նախագահին խորհրդարանում ընդունելու իրենց նախաձեռնության համար, մասնավորապես սենատոր Կառլ Վանլուվին, ով համակարգեց այս հանդիպումը։ Այս բարեկամական խմբի բազմակուսակցական բնույթը ցույց է տալիս այն մեծ հետաքրքրությունը, որը ձևավորվել է տարբեր քաղաքական կուսակցությունների շրջանում Արցախի վերաբերյալ :»