ՀՅԴ-ն երախտագիտության նամակ հանձնեց ԱՄՆ դեսպանատուն

Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Կարին Հովսեփյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան կառույցի անունից երախտագիտական նամակ հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Նրանց դիմավորեց և ողջունեց դեսպանատան մամլո կցորդ Քելլի Լոնգը, որը շնորհակալություն հայտնեց երախտագիտության համար և նշեց, որ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիի՝ Հայաստան վերադառնալուն պես՝ նամակը կփոխանցի նրան:

«Հայ Դատի գրասենյակները տասնամյակներ աշխատել են այս ուղղությամբ, կարողացել են մոբիլիզացնել ամբողջ հայ համայնքը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 296 բանաձևով վերահաստատեց դեռևս 1951 թ. որդեգրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ դարասկզբին՝ 1915-1923 թթ., տեղի ունեցած՝ 1.5 մլն հայի կոտորածը և տեղահանությունները ցեղասպանություն են եղել: Բանաձևը նաև խրախուսում է մարդկության դեմ դեռևս իրականացվող հանցագործությունների և Հայոց ցեղասպանության միջև կապի վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»,- Yerkir.am-ի հետ զրույցում իր գնահատականը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ հաստատեց, որ ժխտումն այլևս անիմաստ է, և վերջ ի վերջո, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը, ընդունի, իր կատարած հանցագործությունը և ներողություն խնդրի հայ ժողովրդից: «Մեր տարածաշրջանում երկարատև, կայուն համերաշխություն հնարավոր է ապահովել միայն, եթե Թուրքիան առերեսվի իր պատմությանը, ընդունի իր մեղսագործությունը, վերականգնվեն մեր ժողովրդի իրավունքները, և հաստատվի պատմական արդարությունը»,- եզրափակեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամը: