Սիրելի հայրենակիցներ,
Թւականիս հոկտեմբեր 9-ին թրքական բանակը ի լուր աշխարհի եւ բացէ ի բաց ներխուժեց իր հարեւան՝ Սիրիայի տարածք: Թրքական ծաւլապաշտական յարձակման թիրախ են դարձել Սիրիայի հիւսիսում գտնւող հայաբնակ Գամիշլի քաղաքը եւ այլ բնակավայրեր, որի հետեւանքով բազմաթիւ հայորդիներ ենթարկւել են Թուրքիայի բանակայինների յանցագործութիւններին․ կան բազմաթիւ տուժածներ։
Կրկին ապացուցւում է ողջ աշխարհին, որ թրքական իշխանութիւնները դեռեւս հաւատարմօրէն փարւած են իրենց իրաւանախորդ Օսմանեան ցեղասպան քաղաքականութեանը եւ իրենց երկրի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու հարցում ուղղորդւում են միեւնոյն ոճրագործ մօտեցումներով։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծրագրելով եւ իրականացնելով ասորիների, յոյների եւ յատկապէս հայերի ցեղասպանութիւնը, Օսմանեան կայսրութեան իշխանութիւնները ձգտում էին սեփական խնդիրները լուծել տեղաբնակ ժողովուրդներին արմատախիլ անելու եղանակով: Այսօրւայ Թուրքիան յատկապէս քրդերի հետ կապւած խնդիրները լուծում է այդպիսի տրամաբանութեամբ՝ ինչպէս սեփական երկրի սահմաններից ներս, այնպէս էլ դրսում՝ նրանց կոտորելու, տեղահանելու եղանակով:
Միջազգային հանրութիւնը պէտք է գործի կանխելու եւս մէկ հումանիտար ճգնաժամ: Թուրքիայի այս գործողութիւնների նկատմամբ սոսկ փափուկ հռետորաբանութիւնը, խրատներն ու անգործութիւնը կը յանգեցնեն փախստականների եւս մէկ հոսքի եւ մարդկային մեծ տառապանքների, կոտորածների և տեղահանութիւնների։ Աւելին՝ թրքական ագրեսիան բացասական հետևանքներ է թողնելու տարածաշրջանի առանց այդ էլ խախուտ անվտանգութեան եւ կայունութեան վրայ:
Իրանի Արտաքին գործերի նախարարութիւնը անհանգստութիւն յայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողութիւնների կապակցութեամբ, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինւորների դուրս բերման անհրաժեշտութիւնը։
Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբը իր զօրակցութիւնն է յայտնում սիրիահայութեանը եւ խստօրէն դատապարտում է մարդկութեան դէմ տեղի ունեցող ամէն տեսակի բռնարաքները, այդ թւում Թուրքիայի իշխանութեան կողմից տարածաշրջանն ապակայունացնող՝ Սիրիայում իրականացւող գործողութիւնները, հայութեան եւ այլ ժողովուրդների դէմ ոճրագործութիւնը, որոնք ոչ այլ ինչ են, քան ծրագրւած ու կանխամտածւած ցեղային մաքրագործում՝ մարդկութեան դէմ կատարւող ոճրագործութիւն, որի պատիժն այսօր եւ եթ՝ առանց տարակուսանքի, կրելու են Թուրքիայի իշխանութիւնները:
12 Հոկտեմբեր 2019
Նոր Ջուղայի
Հայ Դատի Յանձնախումբ