ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՐՑԱԽ. ՄԱՐՏԻՆ ԶՈՆԵԲՈՐՆ

Օգոստոսի 29-ին Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցի դահլիճում տեղի է ունեցել գերմանացի լրագրողներից, դասախոսներից, գրողներից, զբոսաշրջության ոլորտի մասնագետներից բաղկացած խմբով Արցախ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի մամուլի ասուլիսը:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ Արցախ այցելած գերմանացի պատգամավորը խոստացել էր վերադառնալ ավելի մեծ խմբով՝ այդպիսով մեծացնելով Ադրբեջանի «սև ցուցակը» և այժմ կատարել է իր խոստումը:

Մարտին Զոնեբորնը ոչ միայն Եվրոպական պառլամենտի պատգամավոր է, այլ նաև Գերմանիանում բավական հայտնի լրագրող, երգիծական «Տիտանիկ» ամսագրի նախկին աշխատակից:

Խոսելով այցի նպատակի և ստացած տպավորությունների մասին, Զոնեբորնը նշել է, որ պատվիրակությունը հրաշալի օրեր է անցկացրել Արցախում և տպավորված է հյուրընկալությունից: «Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք ինքնորոշման իրավունքին, մեզ համար դա հիմնարար իրավունք է, որը ենթական չէ բանակցությունների, քննարկման: Ես մի երկրից եմ, որտեղ մենք հնարավորություն ենք ունեցել խաղաղ վերամիավորվել և նմանատիպ կոնֆլիկտների նկատմամբ շատ զգայուն ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Զոնեբորնը:

Անդրադառնալով վերջերս կայացած Եվրոպական պառլամենտի ընտրություններին, խորհրդարանականը նշել է, որ ընտրությունների արդյունքները իրենց համար գերազանց էին. «5 տարի առաջվա արդյունքների համեմատ քառապատկվել են մեր քվեները և նպատակ ունենք մեր բոլոր ընտրողներին Արցախ ուղեկցել»:

Արցախ այցելած խմբի կազմում է նաև Զոնեբորնի կինը՝ լրագրող Կլաուդիա Տուր-Սարկիսյանը, ով այս օրերին Արցախի վերաբերյալ ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի նպատակը աշխարհին Արցախը որպես կայացած պետություն ներկայացնելն է:

«Ֆիլմը ինքնորոշման իրավունքի մասին է, հարցազրույցներ ենք ունեցել տարբեր նախարարների, քաղաքական գործիչների հետ: Նպատակն է ցույց տալ, որ արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք և օգտվում են դրանից: Ցանկանում ենք ներկայացնել նաև այս գեղեցիկ երկիրը, այստեղ ապրող մարդկանց»,- մանրամասնել է Մարտին Զոնեբորնը՝ տեղեկացնելով, որ ֆիլմը ցուցադրվելու է մի շարք փառատոններում և կինոթատրոններում:

Անդրադառնալով Զոնեբորնի կուսակցության հետ սերտորեն կապված «Տիտանիկ» ամսագրի ընթերցողների  շրջանում Արցախի հարցի կարևորությունը շեշտելու «Ապառաժ»-ի հարցին, պատգամավորը նշել է, որ ամսագրի ընթերցողները ինտելեկտուալ մարդիկ են, ովքեր ի վիճակի են հասկանալ, «մարսել» հարցի բովանդակությունը:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ շարունակելու են այցելությունների միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու գործելաոճը: «Դրանք Ադրբեջանին ուղարկվող մեսսիջներ են, որ իր «սև ցուցակները» և անիմաստ հայտարարությունները որևէ կերպ չեն կարող խոչընդոտել Արցախ այցելությանը: Ադրբեջանը պետք է սա հասկանա և լուրջ երկխոսություն սկսի Արցախի հետ, որպեսզի հարցը լուծվի, իսկ մնացյալը Ադրբեջանի կողմից դատարկ, իրենց ներքին խնդիրները լուծելուն ուղղված քարոզչություններ են, որոնք արդյունք չեն տալու»,- իր խոսքում ասել է Գասպար Կարապետյանը: