ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Լուրեր

Գերմանայից Արցախ ժամանած պատվիրակության անդամներ Տորսեն Գայչը, Օլիվեր Մարիա Շմիդտը և Յուրգեն Քուդները օգոստոսի 26-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում հանդես են եկել քաղաքական-երգիծական ելույթներով:

Գերմանիայում հայտնի երգիծական «Տիտանիկ»  ամսագրի խմբագիր Տորսեն Գայչը ամսագրի օրինակով ներկայացրել է քաղաքական սատիրան Գերմանիայում, նաև մեծ աղմուկ հանած ծաղրանկարների մի մասը: «Տիտանիկ» ամսագիրը հրատարակվում է ավելի քան 40 տարի, հիմնական ընթերցողները ուսանողներն են:

«Տիտանիկ»  ամսագրի թեմաները բազմազան են՝ քաղաքականություն, կրոն, ֆեմինիզմ և այլն: Պատասխանելով Արցախի թեմային անդրադառնալու մասին ներկաներից մեկի հարցին, Տորսեն Գայչը նշել է, որ եթե երբևէ Արցախը հայտնվի իրենց էջերին, ապա միայն դրական լույսի ներքո:

Գերմանացի լրագրողներ Օլիվեր Մարիա Շմիդտը և Յուրգեն Քուդներնը բանավեճի տեսքով ներկայացրել են Գերմանիայում ամենաքննարկվող թեման՝ Գերմանիայի վերամիավորումը: Գերմանիայի Արևելյան և Արևմտյան մասերի անունից հանդես եկող լրագրողները հումորային շղարշի ներքո խոսել են երկու կողմերի փաստարկների մասին:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշել է, որ անցած տարի իրենց գրասենյակի նախաձեռնությամբ առաջին անգամ Արցախ այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը շատ էր հավանել Արցախը և արցախցիներին աջակցելու համար խոստացել էր վերադառնալ ավելի մեծ խմբով և համալրել Ադրբեջանի «սև ցուցակը»: Նա կատարել է իր խոստումը և Արցախ վերադարձել լրագրողներից, դասախոսներից և տուրիստիզմի մասնագետներից բաղկացած 25 հոգանոց խմբով:

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ԱՀ ԱԺ-ում, առաջիկա օրերին կհանդիպեն նաև ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանի հետ, կայցելեն Արցախի օդանավակայան:
Օգոստոսի 24-ին Արցախ ժամանելուց առաջ գերմանական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանիք տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված է հանդիպում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը և ծրագրերի պատասխանատու Աշխեն Դավթյանը:

Տաթեւիկ Աղաջանյան