Որո՞նք են Արցախի խնդրի առնչությամբ նախորդ գումարման Եվրոպական խորհրդարանում տարված հիմնական աշխատանքները, ի՞նչ ակնկալել նոր կազմից, ինչո՞վ են պայմանավորված Ֆրանսիայի քաղաքների հետ Արցախի համայնքների համագործակցության հուշագրերի չեղարկման վերաբերյալ ֆրանսիական դատարանի կայացրած որոշումները: Այս և այլ հարցերի պատասխանները` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցում:
– Մայիսի 26-ին կայացել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեիք նախկին կազմի հետ աշխատանքները և ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը ԵԽ նոր կազմի հետ:
– Ընտրություններից հետո Եվրոպական խորհրդարանում պատկերը փոխվել է այժմ ունենք այն բոլոր մարտահրավերները, որոնք կարելի է ունենալ, երբ ունես նոր սկիզբ կամ նոր սպիտակ էջ: Նախկին խորհրդարանում կար պատգամավորների պատկառելի խումբ, որոնք իրենց համոզմունքներով ինքնորոշման իրավունքի ակտիվ ջատագովներից էին, կողմ էին Արցախի ինքնորոշմանը և կանգնած են եղել Արցախի ժողովրդի կողքին: Նրանցից Էլենի Թեոխարիուսը, Ֆրանկ Էնգելը, Յարոմիր Շտետինան չեն վերընտրվել, բայց նաև նոր խորհրդարանում կա ներուժ, և պետք է լավ աշխատանք տանենք, որպեսզի կրկին ստեղծենք համակիրների նոր, կուռ խումբ:
Իսկ խորհրդարանի նախկին կազմի հետ համագործակցությունը կարելի է գնահատել դրական: Մասնավորապես, ԵԽ կողմից ընդունված Արցախի հետ կապված բանաձևերի մեջ հստակորեն նշվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման երեք` ազատ ինքնորոշման, բռնության չգործադրման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Հայկական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի անպայման նշվի նաև ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա համար շատ մեծ կուլիսային աշխատանք է տարվում: Ադրբեջանցիներն ակտիվորեն աշխատում են, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը ընկալվի որպես առաջատար սկզբունք և դրա համար տարբեր միջոցներ են օգտագործում, տարբեր կերպ են մեկնաբանում այն: Անշուշտ, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Եվրոպական Միության որոշ երկրներ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր ունեն (օրինակ Իսպանիան, Բելգիան, Միացալ Թագավորությունը), և, հետևաբար, նրանց համար կարևոր է այս սկզբունքը: Ադրբեջանցիներն ամեն մի բանաձևի մեջ, որն անգամ մակերեսային ձևով կարող է առնչվել Արցախի խնդրի հետ, փորձում են հոդված մտցնել, որտեղ նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Մանավանդ, նախորդ օրենսդրական շրջանի վերջին մեկ-երկու տարվա ընթացքում շատ ակտիվ էին աշխատում, և երբեմն ստիպված էինք մեկ շաբաթվա մեջ երկու բանաձևի համար պայքարել, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը չամրագրվի կամ չասոցացվի Արցախի խնդրի հետ:
Արդյունքում՝ մեզ հաջողվել է Արցախի խնդիրը տարանջատել մյուսներից: «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի բացահայտումից հետո ակնհայտ է դարձել, թե ինչ հսկայական միջոցներ է օգտագործում Ադրբեջանը Եվրոպական Միության անդամ երկրներում ազդեցություն գնելու համար: Բայց չնայած ծախսած շատ մեծ ռեսուրսներին, ակտիվությանը, հստակ է, որ անցած 5 տարիների ընթացքում Եվրոպական պառլամենտում նրանք որևէ շոշափելի առաջընթաց չեն գրանցել:
– ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը տարաբնույթ միջոցառումներ է իրականացնում Արցախի ճանաչման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Այս առումով՝ ինչպե՞ս եք գնահատում նախորդ գումարման Եվրոպականխորհրդարանում տարված աշխատանքը. արդյո՞ք նպատակ ունեք շարունակել նույն աշխատելաոճը:
– Մեր մոտեցման, քաղաքականության մեջ սկզբունքային առումով ոչինչ չի փոխվելու, նաև փորձելու ենք մշակութային ավելի ակտիվ միջոցառումների միջոցով մեր ուղերձը տեղ հասցել: Շարունակելու ենք հետևել Եվրոպական խորհրդարանի գործունեությանը և անել ամեն ինչ, որպեսզի ընդունվող բանաձևերը և որոշումները լինեն հայանպաստ:
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը շատ ակտիվ և լայնածավալ աշխատանք է տանում խորհրդարանական դիվանագիտության առումով: Անշուշտ, շարունակելու ենք ակտիվացնել Արցախի հետ կապերը, հատկապես Եվրոպական միության անդամ երկրների, Եվրոպական միության խորհրդարանի և Արցախի Ազգային ժողովի միջև:
Եվրոպական պառլամենտի և Բելգիայի խորհրդարանի պատգամավորների այցերը Արցախ՝ ինքնանպատակ չեն: Այդ մարդիկ, ովքեր ներգրավված են որոշումների ընդունման մեջ, նախ տեղում ծանոթանում են իրավիճակին, Արցախի մասին ավելի հստակ և ճիշտ պատկերացում են կազմում, և վերադառնալով՝ զարկ են տալիս ավելի ակտիվ համագործակցության Արցախի և իրենց համապատասխան ոլորտի միջև: Արցախ այցելած բոլոր պատգամավորները ներգրավվել են Արցախի հետ բարեկամության խմբերի մեջ: Բելգիայի պարագայում ստեղծվեց բարեկամության երկու շրջանակ` ֆրանսախոսների, որտեղ ներգրավված են ոչ միայն պատգամավորներ, այլև ակադեմիայի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մյուսը հոլանդախոս շրջանակն է, որտեղ ֆլամանական կամ Բելգիայի դաշնային պառլամենտի անդամներ են ներգրավված: Նույնիսկ նրանք, ովքեր վերջին ընտրությունների արդյունքներով չեն վերընտրվել կամ չեն առաջադրվել, միևնույն է, շարունակելու են իրենց աշխատանքը այդ շրջանակներում:
– Վերջերս Ֆրանսիայի Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ–Արցախ, Վալանս–Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս–Շուշի, Բուրգ դը Պեաժ–Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամությանհռչակագրերը: Ինչո՞վ եք պայմանավորում նման որոշումները:
– Հարցը մակերեսային առումով իրավական է թվում. ադմինիստրատիվ դատարանների կայացրած որոշումները հիմնվում են իրավական հակասությունների վրա, որոնց հիման վրա այդ համաձայնագրերը պետք է չեղյալ հայտարարվեն: Գուցե իրավական առումով այդ տեքստերը խոցելի են եղել, բայց հստակ կարելի է ասել, որ հարցը նախևառաջ քաղաքական բնույթ ունի, և ուրեմն մեր դիվանագիտությունն ավելի մեծ աշխատանք ունի տանելու այդ ուղղությամբ: Տվյալ պարագայում ադրբեջանական դիվանագիտությունն ավելի ակտիվ է եղել: Կայացված որոշումները պետք է բողոքարկվեն ավելի բարձր ատյանում, որտեղ հայկական կողմի շանսերը հնարավոր է ավելի մեծ լինեն:
– Արդյո՞ք այդ որոշումները կարող են խոչընդոտել Արցախի համայնքների և Եվրոպայի տարբեր քաղաքների հետագա հնարավոր համագործակցությանը:
– Բնականաբար, այդ որոշումները դրական ազդեցություն չեն կարող ունենալ: Բայց չի կարելի ասել, թե համագործակցության այդ ձևը պետք է բացառել: Նախ պետք է որոշել, թե տարբեր եվրոպական երկրներում համագործակցության ինչպիսի տարբերակ ենք ընտրում` համաձայնագրերի տեսքով կամ այլ ձևով: Ամեն երկիր ունի իր յուրահատուկ օրենքները. պետք է ուսումնասիրել, թե որոնք են այդպիսի համագործակցություն ունենալու շանսերը ու դրանցով առաջնորդվել:
– Եվրոպական միության տասնյակ երկրներ արդեն վավերացրել են ՀՀ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագիրը ՀՀ-ի հետ Եվրոպական միության երկրների համագործակցության խորացման գործում: Հիմնականում տնտեսական, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այս համաձայնագիրը Հայաստանի համար քաղաքական ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
– Հայաստանի Հանրապետության հետ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրն առնչվում է տարբեր ոլորտների: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալ և տեխնիկական, և ֆինանսական աջակցություն, որպեսզի բարեփոխումներ արվեն տնտեսության, արդարադատության, պետական կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում:
Այն լավ գործիք է: Պարզապես հարցը նրանում է, թե ինչպես ենք օգտագործելու. շատ բան կախված է գործադրումից: Կարող ես ունենալ ամենալավ, հրաշալի տեքստը, բայց չկիրարկելու դեպքում ոչ մի արդյունք չես կարող ունենալ: Իսկ քաղաքական առումով ՀԸԳՀ-ն շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը: Հատկապես ապրիլյան պատրազմից հետո տեսանք, թե որքան անհրաժեշտ է այդ քաղաքականությունը: Շատ կարևոր է, թե կհաջողվի՞ արդյոք ստեղծել իսկապես անաչառ, անկախ և արդար դատական համակարգ: ԵՄ-ի հետ համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը. ուղղակի պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, որի համար պետք են քաղաքական կամք ու հստակ խորքային բարեփոխումներ:
Հարցազրույցը` Տաթևիկ Աղաջանյանի
Abaraj.am